Իրանն իրագործում է զոհված Ալի Խամենեիի պլանը. FT

Թերթն ընդգծում է՝ Թեհրանի կարծիքով` Իրանի պատասխան հարձակումները Մերձավոր Արևելքի երկրների վրա դիտարկվում են որպես գոյատևման համար պայքար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Իրանը սկսել է իրականացնել հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ստեղծած պլանը, որն ուղղված է Մերձավոր Արևելքում քաոսի ստեղծմանը, համաշխարհային շուկաների ապակայունացմանը և ԱՄՆ-ի և Իսրայելի վրա ճնշման ուժեղացմանը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Իրանի կառավարության աղբյուրին։
Ծրագիրը ենթադրում է հարձակումներ էներգետիկ ենթակառուցվածքների և օբյեկտների վրա, որոնց վնասումը կարող է հանգեցնել տարածաշրջանի օդային տարածքում հաղորդակցության խափանումների:
«Մենք այլ ելք չունեինք, քան սրել իրավիճակը և կազմակերպել մեծ հրդեհ, որ բոլորը տեսնեն։ Երբ, խախտելով բոլոր միջազգային օրենքները, հատվեցին մեր կարմիր գծերը՝ մենք այլևս չէինք կարող պահպանել խաղի կանոնները», - պարզաբանել է թերթի աղբյուրը։
FT-ի տեղեկություններով՝ Խամենեին սկսել է մանրամասն պլան մշակել անցյալ տարի ԱՄՆ-ի հունիսյան հարվածներից հետո։ Իրանի աղբյուրներն ու փորձագետները հայտնում են, որ 86-ամյա այաթոլլան մահ էր սպասում ԱՄՆ-ի կամ Իսրայելի ձեռքով և ձգտում էր նահատակ դառնալ: Ըստ այդմ, չնայած թիրախավորվելու սպառնալիքին, նա ընտանիքի հետ մնաց Թեհրանի իր տանը:
Թերթը հայտնում է, որ չնայած Խամենեիի և Իրանի մի շարք բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների մահվանը, պլանը կյանքի է կոչվել: FT-ն նշում է, որ այաթոլլա Ալիռեզա Արաֆին, որը մտնում է Խամենեիի մահից հետո ստեղծված երեք հոգուց բաղկացած ժամանակավոր խորհրդի կազմի մեջ, մարտի 2-ին տեսաուղերձում հայտարարել է, որ «այդ պատերազմն ընթանում է արժանապատվորեն՝ ըստ մտահղացման»։
Իրանի ցանկացած նոր առաջնորդ կդառնա «ոչնչացման անվերապահ թիրախ». Իսրայելի ՊՆ ղեկավար
Իրանն ակտիվացրել է հարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա՝ անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելով Կատարի կարևոր գազային օբյեկտին և Սաուդյան Արաբիայի խոշոր նավթավերամշակման գործարանին: Դա ստիպել է Կատարին՝ հեղուկացված բնական գազի խոշորագույն արտահանողներից մեկին, դադարեցնել մատակարարումները։ Թերթի հաղորդմամբ՝ Հորմուզի նեղուցում, որով անցնում է համաշխարհային էներգետիկ մատակարարումների մոտ մեկ հինգերորդը, նավագնացության փաստացի արգելափակման պատճառով նավթի և գազի գները կտրուկ աճել են:
«Դա կշարունակվի, իսկ էսկալացիան հետագայում էլ կլինի։ Իսկ ի՞նչ էին նրանք սպասում: Եթե նրանք թիրախավորում են Իսլամական Հանրապետության ղեկավարին, մի՞թե կարծում են, որ ոչինչ տեղի չի ունենա »,- հայտարարել է պարբերականի իրանցի զրուցակիցը։
FT-ն ընդգծում է, որ Թեհրանի կարծիքով` Իրանի պատասխան հարձակումները Մերձավոր Արևելքի երկրների վրա դիտարկվում են որպես գոյատևման պայքար:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: