ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ Fly Dubai ավիաընկերությունն այսօր երեկոյան չվերթ կիրականացնի դեպի Երևան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Դուբայի միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ թռիչքը կիրականացվի երեկոյան 21։00-ին։ Նախատեսվում է, որ օդանավը Երևանում վայրէջք կկատարի գիշերը՝ 03։10-ի սահմաններում։
Հիշեցնենք, որ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակման՝ Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված օբյեկտների ուղղությամբ։ Վնասվել են Դուբայի օդանավակայանը, որն օրական շուրջ 1000 չվերթ է սպասարկում, ինչպես նաև Աբու Դաբիի օդանավակայանը։ Չեղարկվել են հազարավոր չվերթեր, այդ թվում` Դուբայից, Աբու Դաբիից և Շարժայից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։
Մարտի 2–ից Դուբայի օդանավակայանից սկսել են սահմանափակ թվով չվերթեր իրականացվել։