ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Ամերիկյան նոր ուժեր կժամանեն Մերձավոր Արևելք, Իրանի դեմ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը:
Նա նշել , որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը մտադիր են մեկ շաբաթվա ընթացքում Իրանի երկնքում լիակատար գերակայություն հաստատել: Պատերազմի նախարարի խոսքով` ԱՄՆ-ի ավիառումբերի պաշարներն անսահմանափակ են։ Նա զգուշացրել է, որ հարվածներ կհասցվեն Իրանի տարածքի խորքերին:
Հեգսեթը հաստատել է, որ ամերիկյան սուզանավը Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավ է խորտակել. սա առաջին նման դեպքն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
«Նրանց ռազմածովային ուժերն այլևս դեր չունեն։ Երեկ Հնդկական օվկիանոսում ամերիկյան սուզանավը խորտակեց իրանական ռազմանավը, որը կարծում էր, թե միջազգային ջրերում անվտանգ է: Բայց այն տորպեդահարվեց և խորտակվեց: Լուռ մահ», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Վաշինգտոնը կարծում է, որ Իրանի զինվորականներն ընթացիկ պայմաններում ի վիճակի չեն համակարգված պատասխան տալ ամերիկյան և իսրայելական ուժերի գործողությանը:
Հեգսեթը հայտարարել է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները մահացել են։ Իշխող խորհրդի անդամները, որոնք կարող էին իրավահաջորդ ընտրել, մահացած են, անհետ կորած են կամ գտնվում են բունկերներում:
Հեգսեթը նաև հայտնել է, իբր սպանվել է «Թրամփի դեմ մահափորձ իրականացրած» իրանական ջոկատի ղեկավարը:
«Թրամփի մահափորձը կատարող խմբի պարագլուխը հետապնդվել է և սպանվել։ Իրանը փորձում էր սպանել Թրամփին, սակայն ծիծաղում է նա, ով վերջինն է ծիծաղում, և այդ մեկը Թրամփն է», - հայտարարել է նա:
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: