ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք

Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ պետական եկամուտնի կոմիտեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բացահայտվել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող անձը նախատեսում է ՌԴ-ից ՀՀ ներմուծել մեծ քանակությամբ ոսկի։ Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուն պես քաղաքացին վերցվել է օպերատիվ հսկողության։ Նրա ուղեբեռի մանրակրկիտ հետազոտման արդյունքում հայտնաբերվել է 3137 գրամ քաշով 4 հատ ոսկյա ձող»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ ոսկյա ձողերը ներկված են եղել սև և արծաթագույն գույներով և տեղադրված ճամպրուկի ներսի եզրային հատվածներում այնպես, որ արտաքին տեսքով նմանվեն ճամպրուկի կառուցվածքային տարրերին։ Քաղաքացին հետո գրավոր խոստովանել է, որ նման եղանակով փորձել է դժվարացնել ոսկիների հայտնաբերումը։
Նախնական տվյալներով՝ հայտնաբերված ոսկու ընդհանուր շուկայական արժեքը կազմում է շուրջ 500,000 ԱՄՆ դոլար։ Ուսումնասիրվում են նաև գույքի ծագման աղբյուրները և դրա օրինականությունը հաստատող փաստաթղթերի առկայությունը։
Դեպքի առիթով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն։