«Խելացի» լուսացույցներ խցանումների դեմ պայքարի համար. Պերմի մասնագետների առաջարկը Երևանին

Հայ գործընկերների հետ համագործակցությամբ ռուսաստանցի մասնագետները ցանկանում են Երևանի քաղաքապետարանին առաջարկել մի համակարգ, որն իրական ժամանակում լուսացույցների աշխատանքը հարմարեցնում է ճանապարհային իրավիճակին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ռուսական TrafficData ընկերությունը հայկական ՏՏ ընկերություններին է ներկայացրել քաղաքային խելացի տրանսպորտային համակարգերի իր լուծումները: Երևանում նման համակարգեր ներդնելու համար ընկերությունն առաջին փուլում գործընկերներ է փնտրում, այնուհետև նախատեսում է ծրագիրը ներկայացնել քաղաքապետարանին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ընկերության համասեփականատեր և կոմերցիոն տնօրեն Դմիտրի Պոնոսովը:
Պերմի Morion Digital տեխնոպարկում տեղակայված ընկերության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել բիզնես-առաքելության շրջանակում, որը կազմակերպել է Պերմի երկրամասի արտահանման աջակցության տարածաշրջանային կենտրոնը՝ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ:
Շուտով Երևանում կգործարկվի մոպեդներով շտապ բուժօգնության ծառայությունը․ Ավանեսյան
«Այստեղ մենք հանդիպել ենք ինժեներական ընկերությունների հետ, որոնք արդեն աշխատել են նմանատիպ լուծումների վրա: Ցավոք, առայժմ չի հաջողվել մեր արտադրանքը ցուցադրել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներին, բայց հուսով եմ՝ նման հանդիպում կկայանա ապագայում: Մենք նախատեսում ենք ևս մի քանի անգամ գալ այստեղ, որպեսզի ավելի մանրամասն քննարկենք հնարավոր նախագծերը»,-նշել է Պոնոսովը:

Ինչպես տնից աշխատանքի հասնել 20%-ով ավելի արագ

Ընկերության գնահատմամբ՝ տրանսպորտի մոնիտորինգը և լուսացույցների օպտիմալ ռեժիմները քաղաքացիներին օգնում են ամենօրյա ուղևորությունների ընթացքում շուրջ 20% ժամանակ խնայել:
Տրանսպորտային հոսքերի վերլուծությանը ընկերության հիմնադիրները հանգել են հարակից ոլորտից՝ կամուրջների նախագծումից: Նախագծի համար, որպես կանոն, տրանսպորտային հոսքերի մասին տվյալներ են հավաքում, որպեսզի հաշվարկեն, թե որտեղ է ավելի լավ կառուցել կամուրջը և ինչպիսի թողունակությամբ: Աշխատանքի ընթացքում նկատել են, որ «ձեռագործ» մեթոդով հավաքագրված տվյալներում թերություններ են լինում: Այս խնդիրը լուծելու համար ընկերությունը ծրագիր է կազմել, որը թույլ է տալիս տեսախցիկների միջոցով «կարդալ» տրանսպորտային հոսքը: Այնուհետև այնտեղ ավելացրել են լուսացույցների համար վերլուծություն, որի հիման վրա ՆԳՆ–ն և համայնքային իշխանությունները կարող են կարգավորել դրանց աշխատանքի ռեժիմները:
Երևանի խցանումները կարգավորելու համար քաղաքապետարանը լուծումներ է գտել
«Երրորդ փուլում մենք ադապտիվ կառավարման հնարավորություն ավելացրինք, երբ կախված մեքենաների հոսքից՝ լուսացույցների վրա իրական ժամանակում ռեժիմները փոխվում են»,-պարզաբանել է Դմիտրի Պոնոսովը:
Դիտարկման համար անհրաժեշտ է քաղաքում տեսախցիկներ տեղադրել, սակայն կարելի է նաև միացնել գործողներ տեսախցիկները, որոնք գտնվում են ոստիկանության, այլ պետական ծառայությունների, ինչպես նաև մասնավոր բիզնեսի տնօրինության տակ:

ՃՏՊ-ների մոնիտորինգ և տրանսպորտային երթուղիների «ջերմային քարտեզներ»

Տեսավերլուծության իր տեխնոլոգիաների հիման վրա ընկերությունը մշակել և համակարգում ներդրել է հատուկ մոդուլ, որն արտակարգ ծառայություններին թույլ է տալիս ՃՏՊ-ներին արձագանքել ոչ թե ըստ ահազանգի, այլ ըստ տեսախցիկներից ստացված ազդանշանի։ Բացի այդ, քաղաքների համար կազմվում են տրանսպորտային հոսքերի «ջերմային քարտեզներ», որտեղ մեծ ծանրաբեռնվածությամբ գոտիները լուսավորվում են կարմիր և նարնջագույն, պակաս ակտիվները՝ դեղին և կանաչ գույներով: Նման վիզուալիզացիան քաղաքային իշխանություններին կօգնի օպտիմալացնել հասարակական տրանսպորտի երթուղիները:
TrafficData-ն այդ նպատակի համար ունի նաև սարքավորումների պատրաստի համալիր՝ ուղևորային հոսքերի հատուկ դետեկտորներ, որոնք կիրառվում են տրանսպորտային կանգառներում:

Թվային ինքնիշխանություն

Դմիտրի Պոնոսովն ընդգծեց, որ երրորդ անձինք Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս չեն կարողանա հասանելիություն ունենալ ո՛չ ընկերության արտադրանքին, ո՛չ էլ քաղաքային տրանսպորտի վերլուծական տվյալներին:
«Երբ մենք հավաքում ենք համակարգը և հանձնում պատվիրատուին, նա այն շահագործում է իր փակ ենթակառուցվածքում, որին հասանելիություն չունենք նույնիսկ մենք, ուր մնաց` կողմնակի անձինք ունենան: Դրանում պատվիրատուն կարող է համոզվել թեստավորման և համակարգի ներդրման բոլոր փուլերում: Բացի այդ, արտերկրում մենք նախընտրում ենք մեր համակարգերը ներդնել տեղական մշակողների հետ համագործակցությամբ, որոնք հանդես են գալիս որպես փորձագետներ և պատասխանատվություն են կրում գործարկված նախագծերի ֆունկցիոնալության համար, և քաղաքապետարանը միշտ կարող է անհրաժեշտության դեպքում դիմել նրանց»,-պատմեց նա:
Այս պահի դրությամբ ընկերության խելացի համակարգերը ներդրված են Ռուսաստանի 25 տարածաշրջաններում՝ Կալինինգրադից մինչև Խաբարովսկ, ներառյալ Սանկտ Պետերբուրգը, Նիժնի Նովգորոդը, Տյումենը, Պերմը: Ռուսաստանի սահմաններից դուրս ընկերության արտադրանքն օգտագործվում է Ուզբեկստանում և Ղազախստանում: Արտերկրում, այդ թվում՝ Հայաստանում, ընկերությունը շահագրգռված է տեղական գործընկերների հետ ամուր գործընկերային հարաբերությունների հարցում:

Քաղաքների թվային երկվորյակները

Ընկերությունը նաև հետազոտություններ է անցկացնում մեքենայական ուսուցման և համակարգչային տեսողության ուղղություններով (այս ուղղություններով այն մասնակցել է «Սկոլկովո» տեխնոպարկի մի շարք դրամաշնորհային ծրագրերի): Այս տեխնոլոգիաների հիման վրա ընկերությունն աշխատում է քաղաքների «թվային երկվորյակների» վրա: Արտադրանքը, որը ստացել է TrafficData Atlas անվանումը, ավտոմեքենաների վրա տեղադրված տեսախցիկների օգնությամբ «ընթերցում է» լուսացույցներն ու ճանապարհային նշանները, որից հետո ձևավորում է ճանապարհային ցանցի օբյեկտների թվային քարտեզը: Ռուսաստանի մի քանի քաղաքներում նման համակարգ արդեն ինտեգրված է տրանսպորտային ենթակառուցվածքին:
ՀՀ–ում գրանցված 1 մլն տրանսպորտային միջոց կա. նախարարը` խցանումների մասին