Հայ–ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը պատրաստ է աջակցել Իրանը լքած քաղաքացիներին

Կենտրոնը պատրաստ է տեղակայել ժամանակավոր տեղավորման կետեր, ժամանողներին ապահովել տաք սննդով և աջակցել տրանսպորտի հարցում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը պատրաստ է աջակցել Իրանից Հայաստան ժամանողներին, ինչի կապակցությամբ իրականացնում է ընթացիկ իրավիճակի մշտադիտարկում և հնարավոր մարդասիրական ռիսկերի վերլուծություն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց կենտրոնի տնօրեններից մեկը` Ալեքսեյ Բուտիրսկին։
«Կենտրոնն աշխատում է Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ։ Ռուսաստանի, Հայաստանի կամ Իրանի իրավասու մարմինների կողմից համապատասխան հարցում կամ որոշում ստանալու դեպքում պատրաստ ենք անհրաժեշտ մարդասիրական օգնություն և աջակցություն ցուցաբերել Հայաստանի տարածք ժամանողներին», - նշեց Բուտիրսկին։
Խոսքը կարող է վերաբերել նաև բարդ իրավիճակում հայտնված և Հայաստանի տարածքով տարանցման ժամանակ աջակցության կարիք ունեցող ՌԴ քաղաքացիներին։
Բուտիրսկին նշեց, որ ժամանակավոր ապաստանի կետեր տեղակայելու, եկողներին տաք սննդով և խմելու ջրով, հեռախոսով և ինտերնետի հասանելիությամբ ապահովելու համար կենտրոնն ունի անհրաժեշտ ռեսուրսներ:
Բացի այդ, կենտրոնի աշխատակիցները կարող են օգնել մարդկանց տեղափոխել օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ և ավտոկայաններ:
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: