9 ամիս են տրամադրել մետրոյի «Սուրմալու» կայարանի խորհրդատվական աշխատանքների և էսքիզի համար

Երևանի մետրո. Արխիվային լուսանկար
Ընդհանուր խորհրդատվական աշխատանքների իրականացման համար 120 օր է նախատեսված, իսկ հայեցակարգի և էսքիսզի համար` 150 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Մետրոյի «Սուրմալու» կայարանի էսքիզի մրցույթը հայտարարվել է և այն շուտով հայտնի կլինի։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը։
«Մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցման համար խորհրդատվական ծառայությունների մրցույթը կայացել է։ «Ակնկալվում է, որ այս շաբաթ պայմանագիր կկնքվի հաղթող ընկերության՝ «Կոնսորցիումի» հետ։ Դրանից հետո արդեն ֆինանսական միջոցների ապահովմամբ և համաձայնագրի կնքմամբ աշխատանքները կարող են մեկնարկել։ Մենք ներքին վարչարարական գործընթացներն ենք հիմա ապահովում։ Ընդհանուր խորհրդատվական աշխատանքների իրականացման համար 120 օր է նախատեսված»,–ասաց նա։
Քաղաքաշինական հայեցակարգի և էսքիսզի մրցույթը նույնպես հայտարարված է, վերջնաժամկետը՝ մարտի 16-ն է։ Ակնկալում ենք, որ ապրիլից պայմանագիրը կկնքվի, աշխատանքները կմեկնարկեն։ Այս աշխատանքների համար էլ 150 օր է նախատեսված։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ 2025 թվականի ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։