Ադրբեջանը չի փոխվել. Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հավաք Երևանում

Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհեցին հանրային ու հասարակական գործիչներ, Բաքվի ջարդերից փրկված անձինք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Ադրբեջանին պետք է դիտարկել որպես երկրորդ ցեղասպան պետություն: Այսօր Ծիծեռնակաբերդում՝ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված հավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի մարդու իրավունքների նակին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Եթե Հայաստանն իր անգործությամբ շարունակի ոգևորել Ադրբեջանին, ապա այդ ցեղասպանությունը կշարունակվի»,– ասաց նա:
Լարիսա Ալավերդյան
Այն դիտարկմանը, որ Բաքուն չի դադարում խոսել Խոջալուի դեպքերից, Ալավերդյանն արձագանքեց՝ դրանք նույնպես կազմակերպվել են Ադրբեջանի կողմից։
«ԼՂՀ ղեկավարությունը հստակ տարածել էր լուրը սպասվող գործողությունների մասին, ինչը վկայում է նաև Խոջալու քաղաքի քաղաքապետի խոստովանությունը, որ, այո՛, իրենք գիտեին: Մինչ օրս հարց է՝ ո՞վ է շեղել թուրք-մեսխեթների ճանապարհն ու կրակել նրանց հետևից: Այսինքն՝ սա Ադրբեջանի հերթական ցեղասպան գործողությունն էր թուրք-մեսխեթների նկատմամբ»,– ասաց Ալավերդյանը:
Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ ծաղիկներ խոնարհեցին հանրային ու հասարակական գործիչներ, Բաքվի ջարդերից փրկված անձինք: Նրանցից ոմանք նշեցին, որ իրենք շատ լավ հիշում են ադրբեջանական վայրագությունները, թե ինչպես են իրենց աչքի առաջ սպանել ծնողներին ու պապերին:
«Ադրբեջանը չի փոխվել, պաշտոնական Բաքուն Հայաստանն անընդհատ «արևմտյան Ադրբեջան» է անվանում: Իսկ նման պարագայում ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել: Ես դեռ չեմ ասում Արցախի մասին, որը հենց ՀՀ-ն է Ադրբեջան անվանում: Սա կեղծ խաղաղություն է, որն ավելի սարսափելի է, քան պատերազմը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Սումգայիթի նախկին բնակիչներից Ռուզաննա Թովմասյանը, որի հայրը զոհվել է ինքնապաշտանության ժամանակ:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26-29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 26 հայ, ոչ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է։
ՀՀ ԱԳՆ-ն Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել