ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի մահվան դեպքով ձերբակալված կա։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է»,- նշել է Ավդալյանը։
Հիշեցնենք` րոպեներ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ ՊՆ N զորամասում հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։
Այսօր ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ զինվորը մահացել է Գեղարքունիքի մարզի N զորամասում, մեկ այլ զինծառայողի կրակոցից, և կա ձերբակալված։ Հայտնել էին նաև, որ մահացածը 19 տարեկան էր, նա Աբովյան քաղաքից էր։