ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը TRIPP նախագծի իրագործման հետ կապված վերջնական պատկերացում չունի, սակայն ամեն նոր փաստի հետ Մեղրիի վերաբերյալ մտահոգությունը մեծանում է: Նա այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ճանապարհը հենց Սյունիքի մարզի Մեղրի համայնքով է անցնելու:
«Հիմա ասեմ, թե ինչու է ներքին տագնապ առաջանում մոտս. թվեր հնչեցին, որ այդ ճանապարհը պետք է 500 մետր լայնություն ունենա և այլն, իսկ հաշվի առնելով ՀՀ կառավարիչների գործելաոճը՝ կարող է այդ ճանապարհը 5-10 կմ լինել: Հաջորդն այն է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը գնում է Բաքու և այդ TRIPP-ի մասով պայմանագիր է ստորագրում: Բա դա մեր տարածքը չի՞. առանց մեզ մեր մասին պայմանագի՞ր են ստորագրում»,– ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։