ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում շուրջ 2 ամսում մոտավորապես 1. 3 մլն դիմում է գրանցվել, մեծ է դիմելիությունը սրտանոթային հիվանդություններ ունեցողների պարագայում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Սամվել Խարազյանը։
«Օրական միջինում մոտավորապես 20 000-30 000 ապահովագրական դեպք է գրանցվում։ Այդ դեպքերը վերաբերում են և՛ ամբուլատոր այցերին, և՛ դեղատներում դեղերի ստացմանը, և՛ հիվանդանոցային բուժօգնության դեպքերին։ Քաղաքացիները դիմելով առողջության առաջնային պահպանման օղակին՝ իրենց գանգատները ներկայացնում են ընտանեկան բժիշկներին, ստանում անհրաժեշտ խորհրդատվությունը։ Արդեն ըստ բժշկական ցուցումի և հիվանդությունների վարման գործելակարգերի` հետագայում ուղղորդվում են մասնագիտական խորհրդատվության, հետազոտությունների իրականացման»,- նշեց Խարազյանը։
Հարցին, թե ինչ խնդիրներով են հիմնականում դիմում քաղաքացիները՝ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը շեշտեց, որ օրինակ 65+ տարեկան անձինք հիմնականում քրոնիկ հիվանդությունների խնդրով են դիմում։ Պոլիկլինիկաներից արդեն ուղեգրեր են տրամադրվում՝ անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության, գործիքային կամ լաբորատոր հետազոտությունների համար, ինչպես նաև դեղատոմսեր են դուրս գրվում։
Խարազյանի խոսքով՝ բավականին մեծ դիմելիություն կա սրտանոթային հիվանդությունների դեպքում, ինչպես նաև կոնքազդրային հոդի փոխարինման, աչքի ոսպնյակի փոփոխության (կատարակտ) համար։
Ինչ վերաբերում է համակարգում հիվանդությունների ցանկի փոփոխությանը՝ նա ընդգծեց, որ ամեն ինչ կախված է, թե դիմելիության ինչ պատկեր կլինի տարվա ընթացքում։
«Մենք նաև զուգահեռ հավաքագրում ենք վճարովի մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություն, որպեսզի գնահատենք, թե այդ մասով որոնք են հիմնական կարիքները։ Պետք է փորձենք հասկանալ, թե որտեղ կարող է լինել մեր քաղաքացիներին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտություն։ Հետագայում արդեն, երբ հավելյալ ուսումնասիրություններ կարվեն, ապահովագրական վճարը և փաթեթում անհրաժեշտ փոփոխությունները պետք է հաստատվեն օրենքով։ Մենք էլ պետք է գնահատենք՝ ծառայությունը որքանո՞վ է ծախսարդյունավետ, հասկանանք հիմնական հիվանդացության, մահացության և հաշմանդամության ցուցանիշները»,- ասաց Խարազյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ–ի բոլոր 7 ապահովագրական ընկերությունները համագործակցության հուշագիր են ստորագրել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի հետ։
Հավելենք, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներն այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։