ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերություններն արդեն համագործակցում են հիմնադրամի հետ

Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ այս հուշագրի ստորագրման արդյունքում շահելու են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլև ապահովագրական շուկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի - Sputnik. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ու ևս 3 ապահովագրական ընկերության միջև հուշագիր ստորագրվեց։ Այսպիսով ստացվում է, որ արդեն ՀՀ բոլոր 7 ապահովագրական ընկերությունները միացել են համակարգին։
Հուշագիրը փետրվարի 25-ին ստորագրվել է «Նաիրի ինշուրանս» (2025 թվականի արդյունքներով ոլորտի առաջատարն է ու ամենամեծ պորտֆելն ունի), «Ռեգո ինշուրանս» և «Արմենիա ինշուրանս» ընկերությունների հետ։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ու 3 ապահովագրական ընկերության միջև հուշագրի ստորագման արարողություն
«Նոր ներդրված համակարգի շրջանակում հիմնական ցանկությունն այն է, որ պետությունն ու մասնավորը միմյանց սերտ լրացնեն ու համագործակցություն ձևավորվի: Պետական բազային ապահովագրական փաթեթը, որը ձևավորվել է, դրա հավելյալ ծառայությունների շրջանակը պետք է լրացնեն մեր երկրում գործող մասնավոր ապահովգրական ընկերությունները: Այդպիսով մենք կավելացնենք այն պրոդուկտները, որոնք ծառայելու են թե քաղաքացիների, թե բուժաշխատողների մասնագիտական գործունեության ապահովագրության մասով»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա վստահություն հայտնեց, որ այս հուշագրի ստորագրման արդյունքում շահելու են ոչ միայն քաղաքացին ու համակարգը, այլև ապահովագրական շուկան։ Նախարարը շեշտեց, որ այս բարեփախումը նպաստելու է ՀՀ-ում ապահովագրական միջավայրի ավելի շատ զարգացմանն ու պորդուկտների ցանկի ընդլայնման։
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ու 3 ապահովագրական ընկերության միջև հուշագրի ստորագման արարողություն
«Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանն էլ ընդգծեց՝ իրենք լիահույս են, որ մասնավոր-պետություն հսամագործակցությունը կնպաստի ոլորտի զարգացմանը։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Քաղիրավական պայմանագրով աշխատողները ե՞րբ կներառվեն առողջության ապահովագրության համակարգում
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներն այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։