ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տեղեկություններ կան «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» խողովակաշարերի հնարավոր պայթեցման նախապատրաստման մասին:
«Օպերատիվ տեղեկատվություն կա։ Հավանաբար այն այսօր կլինի ԶԼՄ–ներում։ Երևի արդեն առկա է, չեմ հասցրել նայել, բայց խոսքը Սև ծովի հատակով մեր գազային ենթակառուցվածքների հնարավոր պայթեցման մասին է: Դրանք այսպես կոչված «Թուրքական հոսք» ու «Երկնագույն հոսք» խողովակաշարերն են»,– ասել է Պուտինը ԱԴԾ կոլեգիայի նիստում։
Նրա խոսքով՝ նման սադրանքների նպատակն է խաթարել դիվանագիտական միջոցներով խաղաղ կարգավորման գործընթացը:
«Չի ստացվում Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել։ Ոչ մի կերպ չի ստացվում։ Բայց շատ են ուզում, առանց դրա ապրել չեն կարող կամ մտածում են, որ չեն կարող։ Անպայման պետք է պարտության մատնել Ռուսաստանին։ Փնտրում են ցանկացած մեթոդ... Իրենք իրենց կհասցնեն ինչ-որ ծայրահեղ գծի։ Հետո կզղջան», - հավելել է նա։
«Երկնագույն հոսքը» նախատեսված է Սև ծովով, երրորդ երկրների շրջանցմամբ, Թուրքիա ռուսական բնական գազի մատակարարման համար: «Թուրքական հոսքը» Ռուսաստանից Թուրքիա Սև ծովով արտահանվող գազամուղն է, որի երկու ճյուղերից առաջինը նախատեսված է թուրք սպառողներին գազ մատակարարելու, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: