ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Առաջիկա ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը։ Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
«Մինչ մայիսի 26-ը, ժամը 14։00-ն քաղաքացիները կարող են դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության վարչություն, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացվելու համար»,–նշված է հայտարարության մեջ։
Դիմումը կարող է ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով: Էլեկտրոնային դիմումներն ապահովվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Նշվում է, որ այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։