Հիմա էլ տեխնիկայի պակասն է խնդիրը․ ե՞րբ Երևանի փողոցները կմաքրվեն կուտակված ավազից

Կատվալյանը վստահեցրեց՝ այս պահին մայրաքաղաքում աշխատանքների մոտ 70 տոկոսն արված է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ձնամաքրման աշխատանքներից հետո Երևանի փողոցներում մնացած աղի ու ավազի մաքրման աշխատանքները կավարտվեն այս շաբաթ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց «Երևանի աղբահանության և սանմաքրման» հիմնարկի (ԵԱՍՄ) տնօրեն Սաշա Կատվալյանը։
Փետրվարի 16-ին կայացած խորհրդակցության ժամանակ Կատվալյանը վստահեցրել էր, որ մաքրման գործընթացը կավարտվի 1 շաբաթում։

«Երևանի փողոցներն ինտենսիվորեն մաքրվում են աղի և ավազի խառնուրդի մնացորդներից ։ Աշխատանքները մի փոքր դանդաղում են, քանի որ կուտակված շերտը բավականին հաստ է և կոշտացած որոշ փողոցներում, ու դա հնարավոր է հեռացնել միայն տրակտորով և բահով։ Այդ տարածքները մաքրումից հետո կարգի են բերվում փոշեկուլ և ջրցան մեքենաներով»,- այսօրվա խորհրդակցության ժամանակ ասաց նա։

Կատվալյանի խոսքով` նախորդ շաբաթ ԵԱՍՄ հիմնարկն օգտագործել է մոտ 70 միավոր տեխնիկա, իսկ վարչական շրջանները տրամադրել են 78 միավոր տրակտոր և ինքնաթափ։
Նա նշեց, որ այս պահին մայրաքաղաքում աշխատանքների մոտ 70 տոկոսն իրականացված է։
«Նախատեսում ենք, որ այս շաբաթ վերջնական կավարտենք»,- ասաց ԵԱՍՄ հիմնարկի տնօրենը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ևս մեկ անգամ ժամկետները ճշտեց ու հետաքրքրվեց՝ արդյոք բոլոր վարչական շրջաններն են անհրաժեշտ տեխնիկա տրամադրել։ Կատվալյանը պատասխանեց՝ գրեթե բոլոր վարչական շրջանները։