ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik․ «Սրբազան պայքարի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանի տնային կալանքը վերացվեց։
Ընդհանուր իրավասության առաջին ատյանը դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ Շարբաթյանի նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն խափանման միջոց։
Շարբաթյանը պետք է շաբաթական երկու անգամ ներկայանա ու հաշվառվի պրոբացիայի ծառայությունում։ Նրան արգելված է լքել բնակության վայրն առանց վարույթի իրականացման մարմնի թույլտվության։ Նա չպետք է այցելի մարդաշատ կամ զվարճանքի վայրեր, երեկոյան 23։00-ից մինչև առավոտյան 8-ը պետք է լինի իր բնակության հասցեում։ Վարչական հսկողությունը կիրառվելու է առանց էլեկտրոնային հսկողության։ Իսկ խափանման միջոց 3 միլիոն գրավը և բացակայելու արգելքը մնում են անփոփոխ։ Դատարանը նրան չարգելեց նաև մասնակցել պատարագների։
Նշենք, որ պաշտպանական կողմի միջնորդությանը չառարկեց նաև հանրային մեղադրողը՝ հաշվի առնելով Շարբաթյանի առողջական խնդիրները, մասնավորապես` իշեմիկ հիվանդությունը և ինտենսիվ միջամտությունների կարիքը։
«Սրբազան պայքարի» գործով անցնող Կարո Օկումուշյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով։
Նշենք, որ Կարո Օկումուշյանը եղել է «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի ընտանիքի վարորդը։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։