Ամիսներ առաջ Ծափաթաղում սպանված 3 տարեկան Տիգրանի քույրերն ու եղբայրները 14 օր է` տուն են վերադարձել: Ապրում են իրենց նախկին առօրյայով, 4–ից 3–ը վերադարձել են դպրոց: Նրանց մայրը` Փառանձեմ Վաթյանը, մեզ ներս է հրավիրում, որպեսզի համոզվենք` տունը տաք է, երեխաներն էլ ուտելիք ունեն։
Օվանեսովների տունը, գյուղ Ծափաթաղ
© Sputnik / Aram Nersesyan
«Ամեն օր տարբեր բաներ են ուտում, երեկ կարտոֆիլ են կերել, այսօր առավոտյան` նրբերշիկ, երեխեքին սոված չեմ թողնում»,– ասում է նա։
Վառելափայտի գումարը մարզպետարանից են տվել: Օգնում են նաև սննդով։ Փառանձեմը հիմա չի աշխատում, միայն հաշմանդամության կարգ ունեցող երեխայի նպաստն է ստանում։
«Ես չեմ աշխատելու, էս հաշմանդամություն ունեցող երեխաներին ո՞ւր թողնեմ–գնամ...»,– հավելում է երեխաների մայրը։
Փառանձեմ Վաթյանը
© Sputnik / Aram Nersesyan
Տիգրանի սպանությունից հետո 4 անչափահասներին տեղափոխել էին երեխաների պաշտպանության կենտրոն, սակայն ընտանիքի հարցով զբաղվող հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել երեխաների շահի համար նրանց վերադարձնել մոր մոտ:
Թեև կարիք կա, որ երեխաների հետ մշտապես աշխատեն հոգեբանն ու օլիգոֆրեն մանկավարժը, և նրանց այցերը պետք է կազմակերպվեն տանը կամ դպրոցում, բայց մինչ օրս ոչ մի մասնագետ չի այցելել երեխաներին:
Ծափաթաղի դպրոցի տնօրեն Հերմինե Խարազյանն ասաց, որ փաստաթղթային հարցեր են եղել, դրա համար էլ մասնագետները դեռ չեն այցելել երեխաներին։ Անչափահասներից երկուսը հաշվառված են դպրոցում. հատուկ մասնագետների կարիք ունեն։ Տնօրենը վստահեցրեց` շուտով մարզկենտրոնից հոգեբան կայցելի նրանց։
Հարևանները խուսափում են տեսախցիկի առաջ խոսելուց, ասում են` «չեն շփվում» այդ ընտանիքի հետ։ Կադրից դուրս ասում են` ոչինչ էլ չի փոխվել, նույն պայմաններում են ապրում, բայց մոր հետ երևի ավելի լավ է։
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարությունը համոզված է` երեխաների վերադարձը ընտանիք նրանց լավագույն շահի համար է։ Իսկ թե ինչ պայմաններում են ապրում երեխաները, ներկայացված են ռեպորտաժում։
Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը` Արմեն Օվանեսովը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, դատարանի որոշմամբ նա կալանավորվեց։