ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։
Նշենք, որ Արսեն Բաբայանը նաև մինչ այս հայտարարել էր, որ երեք տարբեր պետություններից (ՌԴ, Սերբիա, Չեռնոգորիա) ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են Արշակ սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի հայտնի տեսագրությունների բովանդակության հետ։
«Քննչական կոմիտեի փորձագետն ասել է՝ հավանաբար Արշակ սրբազանն է, սակայն քննչական կոմիտեն միշտ այդ «հավանաբարը» հանում է։ Վերցրել են ինտերնետից նկար, ասել են՝ քիթը նման է, ականջների մոտ մազածածկը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում, և կարելի է եզրակացնել, որ նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, բայց կարելի է նաև չեզրակացնել»,– ասաց Բաբայանը։
Փաստաբանի խոսքով՝ չկա գլխավոր հարցի պատասխանը՝ տեսագրությունը համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը։
«Ավելին՝ այս փորձաքննությունը նշանակելուց առաջ մեզ անգամ չեն ծանոթացրել որոշմանը։ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ Արշակ սրբազանը՝ որպես վարույթով շահագրգիռ անձ, որոշմանը պետք է ծանոթանար, որպեսզի հնարավորություն ունենար հարցեր տալու։ Բնականաբար, առաջին հարցը լինելու էր՝ տեսագրության մեջ պատկերվածն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ»,– շարունակեց փաստաբանը։
Բաբայանը թեև փորձագետի անունը չտվեց, սակայն շեշտեց, որ տրված եզրակացությունից չի հասկացվում, թե ով է այդ փորձագետը, ինչ կրթություն ունի և ընդհանրապես որտեղ է որպես փորձագետ աշխատել։
«Ինձ մոտ տպավորություն է, որ ցանկացած մեկին ասել են՝ արի, ստորագրի»,– հավելեց փաստաբանը։
«Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը 2025 թ. հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
Արշակը սրբազանը ձերբակալվեց 2025 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի շենքից դուրս գալիս։ Ավելի ուշ հայտի դարձավ, որ նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Դեկտեմբերի 5-ին նա կալանավորվեց։
2026-ի փետրվարի 3-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով։