ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik․ Երևանի Աջափնյակ թաղամասում փետրվարի 18–ին տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել մեկ անձի նկատմամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Քրեական հետապնդումը հարուցվել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Նշված անձին ձերբակալելու որոշում է կայացվել։
Հիշեցնենք` փետրվարի 18–ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Երևանի Աբելյան փողոցում։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից ու ինքնաձիգից արձակված կրակոցի հետքեր, դանակ և արյան հետքեր։ «Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 վիրավորներից մեկը հենց վիրահատության սեղանին է մահացել, մյուս 6-ին վիրահատել են, նրանց վիճակը ներկա դրությամբ կայուն է, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։