Կարող է ծանր հետևանքների հանգեցնել. Շոյգուն` ՀՀ–ի երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը զգուշացել է, որ գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է մի ակնթարթում պարզապես փլուզվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունների ցանկությունը՝ փոխարինել Ռուսաստանին երկաթուղիների կառավարման գործում, վատ մշակված որոշում է և կարող է ծանր հետևանքների հանգեցնել։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Այլ երկրների կոմպետենտությունը երկաթուղային կառավարման հարցում չեմ գնահատի, սակայն կարող եմ վստահորեն ասել, որ հազիվ թե որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական փոխադրողին, որն արդյունավետ և երկար ժամանակ գործել է Հայաստանում դժվար պայմաններում», – նշել է նա։
Շոյգուն հիշեցրել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, որը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է, գրեթե 20 տարի կատարում է կոնցեսիոն պայմանագրի պայմանները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ռուսական ներդրումների ծավալը գերազանցել է 30 մլրդ ռուբլին, ՀՀ բյուջե էլ ավելի քան 15 մլրդ ռուբլի հարկ է փոխանցվել։
«Եվ ահա հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի երկաթուղիների` ռուսական ընկերությանը կոնցեսիայում լինելը վախեցնում է պոտենցիալ գործընկերներին, խոչընդոտում է տարածաշրջանային նախագծերին, և նա մտածում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը փոխանցել Ռուսաստանին և Հայաստանին բարեկամ երկրի», – ընդգծել է Շոյգուն։
Նա նաև զուգահեռներ է անցկացրել Երևանի այլ նախաձեռնությունների հետ։
Տարօրինակ է. Զախարովան` երկաթուղու կառավարման վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
«Վերջերս մեկնաբանում էի միջուկային թեմայով ԱՄՆ-ի հետ Հայաստանի համագործակցության ծրագրերի հետ կապված իրավիճակը։ Մի՞թե նման, դիվանագիտորեն ասած, չմշակված որոշումները այնպիսի վտանգավոր փորձերի չեն հանգեցնի, որոնց համար ստիպված կլինեն վճարել ՀՀ շարքային քաղաքացիները», - հարցադրում է արել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Նա հավելել է, որ գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է «մի ակնթարթում պարզապես փլուզվել»։
«Բնականաբար, որևէ «բարեկամական երկիր» չի կրելու դրա պատասխանատվությունը։ Հուսով եմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից», – նշել է Շոյգուն։
Նա հավելել է, որ ընկերությունը կառավարում է ավելի քան 1.2 հազար անշարժ գույքի օբյեկտ և ավելի քան 12.5 հազար միավոր շարժական գույք։ Համաձայնագրի գործողության տարիների ընթացքում վերանորոգվել է ավելի քան 520 կմ երկաթուղի՝ մոտ 700 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղային ցանցից, վերակառուցվել են տասնյակ կամուրջներ ու թունելներ։
Նրա խոսքով՝ ՀԿԵ–ով տարեկան ավելի քան 500 հազար ուղևոր և ավելի քան 1.6 մլն տոննա բեռ է տեղափոխվում։
Ինչո՞ւ Փաշինյանը բարձրացրեց ՀԿԵ-ի կոնցեսիայի հարցը. ՀՀ նախկին վարչապետի տեսակետը
«Երկաթուղին ռազմավարական դեր է խաղում դեպի ծով ելք չունեցող երկրի համար։ Այս ամենի հետևում կանգնած են ավելի քան 2.5 հազար աշխատակիցներ, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են», – ընդգծել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքը ծանր վիճակում էր, և 2008 թվականին ստորագրվեց կոնցեսիոն պայմանագիր՝ մինչև 2038 թվականը Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարումը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ին փոխանցելու վերաբերյալ։