ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը բողոք-նամակ հանձնեց ՄԱԿ-ի հայստանյան գրասենյակին՝ հայտարարելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը չի ավարտվել։
«Պետք է ոչ ասել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի վտանգավոր հեռանկարին, Բաքվում բանտարկյալների առկայությանը, ՀՀ տարածքների օկուպացիային, դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի պահանջներին։ Հենց սա է այսօրվա մեր ակցիայի նպատակը»,- շեշտեց Սուրենյանցը։
Նրա պնդմամբ՝ ինքը գիտի արդեն, թե իր նամակին ինչ արձագանք է լինելու այս կառույցից, բայց, այնուամենայնիվ, հետևողական է լինելու։
«Ադրբեջանի ղեկավարը մեր ռազմագերիներին համարել է նացիստներից ավելի վտանգավոր, հանցագործ։ Սա էլ նշանակում է, որ Հայաստանին էլ վերագրվում է կապիտուլացված Գերմանիայի կարգավիճակը։ Սա լոկալ դրվագ է, որով Ադրբեջանը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մոդելն իր համար ինչ-որ բալանսի հասնելը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքուն այսօր ցանկանում է Հայաստանին կապիտուլյացիայի պահանջ պարտադրել։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում էին «Մեր հայրենիքը ողողված է արյան կաթիլների մեջ», «Կանգնեցրեք Հայաստանի գրավումը», «Ձեռքերը հեռու Հայաստանից», «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» գրություններով պաստառներ։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ակտիվորեն առաջ է տանում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեզը (Հայաստանի տարածքում-խմբ.)՝ պնդելով հարյուրհազարավոր ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 11–ին Գերմանիայում Ադրբեջանին առաջարկել էր միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։