ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ըստ դատախազության` հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք, որից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում, 12 միլիոն 718 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Կարեն Ավագյանը 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով։ Նա ՀՀԿ խմբակցությունում է եղել նաև հաջորդիվ` 2017 թվականը ներառյալ։ Կարեն Ավագյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։