Սա դատավճիռ է հայ ժողովրդի դեմ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարել է, որ կշարունակեն պայքարել նրա և քաղաքական դրդապատճառներով պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Ադրբեջանի ռազմական դատարանի կայացրած դատավճիռը սարսափելի էր, բայց սպասելի։ Այսպես է արձագանքել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ընտանիքը Բաքվի դատարանի վճռին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ 2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։ Բաքվի դատարանը Վարդանյանին մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։
«Այսօր մենք տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսինը, հայրը, եղբայրը և պապիկը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Այն պահից սկսած, երբ 874 օր առաջ Ռուբենին առանց որևէ հիմնավորման ձերբակալեցին, ակնհայտ էր, որ այս գործընթացի ելքը կանխորոշված է։ Նրան կալանքի տակ պահելու ողջ ընթացքում ներկայացված մեղադրանքներից և ոչ մեկի վերաբերյալ այդպես էլ որևէ ապացույց չի ներկայացվել»,– ասված է ընտանիքի տարածած հայտարարությունում։
Ընտանիքի անդամները նկատել են, որ կեղծ դատավարության ամբողջ ընթացքում Ռուբեն Վարդանյանը զրկված է եղել իր նկատմամբ պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու որևէ երաշխիքից, ինչպես նաև իրական և ոչ թե ձևական իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանների հետ կապի և անկախ լրատվամիջոցների ներկայության հնարավորության երաշխիքներից։
«Լսումներն անցել են դռնփակ և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են արդար դատաքննության չափանիշների հետ ոչ միայն միջազգային իրավունքի, այլև հենց Ադրբեջանի օրենսդրության տեսանկյունից։ Չնայած Ռուբենի՝ որպես մարդասիրական գործչի, բարերարի և սոցիալական ձեռնարկատիրոջ հեղինակությունը կործանելու փորձերին, քաղաքացիական հասարակության առաջնորդները և միջազգային դիտորդները մեր ընտանիքին աջակցություն են ցուցաբերել, ինչը մեզ ուժ և հույս է տվել»,– նշված է հայտարությունում։
Վարդանյաններն ընդգծել են, որ իրանց ընտանիքի հոր նկատմամբ դատավճիռն իրականում ամբողջ հայ ժողովրդի դեմ է։ Հավելել են, որ Բաքվի վճռից հետո էլ իրենք շարունակելու են պայքարը հանուն արդարության։
«Մենք կշարունակենք պայքարել Ռուբենի և քաղաքական դրդապատճառներով պահվող հայ բանտարկյալների ազատ արձակման համար և կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան համայնքներին՝ ձեռնարկել բոլոր պատշաճ միջոցները, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, նրանց ազատությունն ու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար»,–ասաված է հայտարարությունում։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։