ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի (ՌՀՍ) գործողության ժամկետի ավարտը հնարավորություն է բացում ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման նոր ձևաչափ ձևավորելու համար։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Հադսոնի ինստիտուտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով օգնական Քրիստոֆեր Յոն։
Նրա խոսքով՝ համաձայնագրի գործողության ավարտը պայմաններ է ստեղծում նորացված պայմանավորվածություններ մշակելու համար։
«Նախագահ Թրամփը վաղուց է հանդես գալիս ավելի քիչ միջուկային զենք ունեցող աշխարհի օգտին։ ՌՀՍ պայմանագրի ժամկետի ավարտը Միացյալ Նահանգներին և մյուս երկրներին հնարավորություն է տալիս թևակոխել ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման նոր դարաշրջան»,- նշել է Յոն։
Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին ռուս-ամերիկյան պայմանագրի գործողության ժամկետը լրացել է փետրվարի 5-ին։ ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինաննոն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը մտադիր է հասնել սպառազինությունների վերահսկման ոլորտում նոր համաձայնագրի կնքմանը։ Նրա խոսքով՝ նախկին պայմանագիրը թերություններ ուներ և չէր ներառում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։
Այս համատեքստում Թրամփը Պեկինին առաջարկել է բանակցություններ սկսել ռազմավարական կայունության հարցերի շուրջ՝ նպատակ ունենալով կանխել սպառազինությունների նոր մրցավազքը։ Յոն հայտնել է, որ Վաշինգտոնը դիտարկում է բանակցային գործընթացի մեկնարկի հնարավորությունը բազմակողմ կամ այլ ձևաչափով՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (ՄԶՉՊ) շուրջ ապրիլին կայանալիք համաժողովի նախաշեմին։ Յոն հույս է հայտնել, որ Չինաստանը կարձագանքի նախաձեռնությանը։
Միաժամանակ Պետդեպարտամենտում հերքել են ՌՀՍ պայմանագրի դադարեցումից հետո Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հնարավոր ոչ պաշտոնական պայմանավորվածությունների մասին լուրերը։ Մեկնաբանելով շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե իբր պայմանագրի դրույթների պահպանման շարունակության վերաբերյալ ջենտլմենական համաձայնություն կա, Յոն հայտարարել է` ինքը որևէ բան չգիտի նման պայմանավորվածության մասին։
«Ինձ հայտնի չէ որևէ նման համաձայնություն, և այդ հարցը, ինչպես և առաջ, նախագահի իրավասության ներքո է»,- ընդգծել է նա։
Վերջին տարիներին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երկխոսությունը սպառազինությունների վերահսկման հարցերի շուրջ սահմանափակ է։ Վաշինգտոնը բազմիցս կոչ է արել Պեկինին միանալ բանակցություններին՝ մատնանշելով չինական միջուկային ներուժի աճը։ Չինաստանն իր հերթին հայտարարում է, որ իր զինանոցը զգալիորեն զիջում է ամերիկյանին ու ռուսականին և չի պահանջում մասնակցություն այնպիսի ձևաչափի, որը նման կլինի Մոսկվայի և Վաշինգտոնի երկկողմ համաձայնագրերին։
ՄԶՉՊ համաժողովներն անցկացվում են հինգ տարին մեկ և նվիրված են միջուկային զենքի չտարածման, զինաթափման և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման պարտավորությունների կատարման գնահատմանը։