ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը մտադիր է կյանքի կոչել ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի` Ադրբեջանը Իջևանով Թուրքիային միացնելու երկաթուղային հաղորդակցության նախագիծը։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսական թիմի ղեկավար, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ինքը մանրամասն ուսումնասիրել է քարտեզն ու նոր տարբերակ գտել։ Խոսքն Ադրբեջանը Իջևանի միջոցով Թուրքիային միացնելու ամենակարճ ճանապարհի մասին է, որն անցնում է Ֆիոլետովոյով, միանում է Վանաձոր-Գյումրի երկաթգծին և դուրս գալիս դեպի Թուրքիա։
«Մենք քարտեզին նայելով երկաթգիծ չենք կառուցում։ Դա անում են մասնագետները, և դա այլ գործընթաց է։ Կա հիմնական ուղղություն, որը մենք այսօր կարող ենք ունենալ՝ Բաքու-Ղազախ-Իջևան-Հրազդան-Երևան-Երասխ-Նախիջևան-Կարս։ Կա նաև Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Կարս ճանապարհը, որի վերաբերյալ Խոսրով Հարությունյանը (ՀՀ նախկին վարչապետ. խմբ․) փաստաթղթեր ունի։ Մենք իր հետ քննարկել ենք այս հարցը, ինքն էլ մեծ պատրաստակամությամբ դրանք տվել է մեզ, որպեսզի այն ներառենք մեր տնտեսական ծրագրում։ Քարտեզը տեսնել ու որոշել. այդպես չի լինում, քանի որ գոյություն ունեն մի շարք ուսումնասիրություններ ու հարցեր»,- ասաց Անանյանը։
Նա ընդգծեց՝ կան կոնսերվացված ծրագրեր, որոնք իրենք պատրաստվում են իրագործել։ Խոսքը Հյուսիս-հարավ երկաթգծի մասին է, որը 2014 թվականին չինական կողմը կոնսերվացրեց, քանի որ այդ ժամանակվա կառավարությունը դոմինանտությունը տվել էր Հյուսիս-հարավ ավտոմայրուղուն։
ՀՀ իշխանությանն էլ խորհուրդ տվեց մինչև հունիս ձեռնպահ մնալ ինչ-որ բան անելուց, քանի որ նրանց յուրաքանչյուր վարքագծային դրսևորում շատ ավելի է խորացնում խնդիրները, որոնք հետո պետք է վերականգնվեն։
Անանյանը վստահեցրեց՝ երկաթգիծը կառուցելու նախագիծն իրագործելու համար իրենք շատ մեծ ջանքեր են ներդնելու։