ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվում է անշարժ և շարժական գույք, ինչպես նաև պարտատոմսեր ու գումար բռնագանձել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը»,- ասված է հաղորդագրությունում:
Պահանջ է ներկայացվել դատարանին՝ հօգուտ ՀՀ-ի Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Ալբերտի Հակոբյանից և նրան փոխկապակցված անձանցից` կնոջից՝ Էլիզաբեթ Պետրոսյանից, Վահե Հակոբյանի եղբայր Կարեն Հակոբյանից, Կարեն Հակոբյանի կնոջից, դստրերից և Վահե Հակոբյանի ծնողներից բռնագանձել՝
9 անշարժ գույք
3 տրանսպորտային միջոց
1 իրավաբանական անձանցում մասնակցություն
4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 մլն 614 հազար դրամի չափով
2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով
2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով
4 մլրդ 524 մլն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ
2 մլրդ 814 մլն 926 հազար դրամ։
Ըստ դատախազությանը՝ այս ամենը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։