Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Ռուբեն Վարդանյանը 57 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik․ Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
2025-ի դեկտեմբերի 18-ին դատախազը նրա նկատմամբ ցմահ ազատազրկում էր պահանջել։
Վարդանյանին Բաքվի դատարանը մեղադրում է «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», ինչպես նաև «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի հոդվածներով նախատեսված այլ ծանր հանցագործությունների մեջ։
Ռուբեն Վարդանյանը ծնվել է 1968 թվականին, մայիսի 25–ին նա կդառնա 58 տարեկան։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը սկսվել էր 2025 թվականի հունվարին, նույնպես ավարտվել է, և դատարանը փետրվարի 5–ին հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։