Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից

Նաիրա Ալավերդյանը տնային կալանքի տակ էր 2025 թվականի հոկտեմբերից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Դատարանը Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահին տնային կալանքից ազատեց՝ ամբողջությամբ մերժելով քննիչի միջնորդությունը՝ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։

Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ։ Կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել էր քննիչ Նազելի Սարգսյանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն իրականացրին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման ենթարկվեցին նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։
Ալավերդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը)։
Հոկտեմբերի 17-ին նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Դեկտեմբերի 10-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրին, որ նրա խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։