Գերմանական ընկերությունը ՀՀ–ում ստուգել է 4G–ի որակը. նախարարը տվյալներ ներկայացրեց

Ընկերությունը ստուգել է կապի որակը Հայաստանի միջպետական մայրուղիների մեծ մասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ՀՀ միջպետական մայրուղիների մեծ մասում երկրի երեք բջջային օպերատորներն էլ 4G չափորոշչի լավ մակարդակ են ապահովում։ Այս մասին են վկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի ներկայացրած տվյալները։
Նա 2025 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց, որ կապը ստուգել է գերմանական «Rohde&Schwartz» ընկերությունը, որն ընտրվել է մրցութային կարգով, վերջնական արդյունքներն էլ ապրիլին կներկայացնի կապի շուկայի կարգավորող մարմինը՝ Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
ՀՀ կառավարությունը կաջակցի հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծմանը. Հայրապետյան
Նախարարի ներկայացրած նախնական տվյալների համաձայն՝ «Ucom» բջջային օպերատորի դեպքում Երևան-Երասխ-Կապան-Իրանի սահման ճանապարհին գրանցվել է 48% «լավ» արդյունք, 19% «միջին», 11% «վատ» արդյունք, 22%-ում կապը բացակայել է։ «Team» օպերատորի դեպքում` 47% «լավ», 18% «միջին», 12% «վատ», 23%-ում կապը բացակայել է, «Viva Armenia»-ի դեպքում` 56% «լավ», 22% «միջին», 10% «վատ», 13%-ում կապը բացակայել է։
Երևան-Սևան-Իջևան-սահման (Վրաստանի հետ. խմբ.) ճանապարհին «Ucom»-ի, «Team»-ի և «Viva»-ի «լավ» ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 73%, 54% և 61%, Երևան-Արմավիր-Թուրքիայի հետ սահմանին` 80%, 76% և 75%։ Ամենավատ ցուցանիշները եղել են Նորավան-Գորիս-Կոռնիձոր-Ադրբեջանի հետ սահման ճանապարհին (29%, 47% և 58%)։ Այս ցուցանիշների հիման վրա հանձնաժողովը կկարողանա ավելի հասցեական հետևել, թե որքանով են օպերատորները կատարում իրենց լիցենզիաներով նախատեսված ծառայության որակի հետ կապված պայմանները։
Չի բացառվում` ՀՀ–ում արտադրված ԱԹՍ–ներն առաջիկայում արտահանվեն. նախարար