Ատոմակայանի պլանային վերանորոգման ժամանակ էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չենք ունենա. Մեսրոպյան

Մեծամորի ատոմակայանը
Հայկական ԱԷԿ–ի պլանային վերանորոգման ստանդարտ տևողությունը տարեկան 45 օր է, սակայն 2025-ին կայանը կանգնել է 60 օր, իսկ 2026 թվականին, ըստ նախատեսվածի, պիտի կանգնի մոտ 150 օր` մոտ հինգ ամիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Այս տարի, երբ Մեծամորի ատոմակայանը կանգնի պլանային վերանորոգման, էլեկտրաէներգիայի դեֆիցիտ չենք ունենա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Մենք մտավախություն չունենք, որ Մեծամորի ատոմակայանն այս տարի նախատեսվածից 3 ամիս ավելի ժամկետով է պլանային անջատման կանգնելու, ու մենք կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, քանի որ այդ բացը լրացվում է այլ կայանների` ավել աշխատանքով»,– ընդգծեց ՀԾԿՀ նախագահը։
Նշենք, որ հայկական ԱԷԿ–ի պլանային վերանորոգման ստանդարտ տևողությունը տարեկան 45 օր է, սակայն 2025-ին կայանը կանգնել է 60 օր, իսկ 2026 թվականին, ըստ նախատեսվածի, պիտի կանգնի մոտ 150 օր` մոտ հինգ ամիս, քանի որ մեկնարկում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման երկրորդ փուլը (2026–36 թթ. ժամանակահատվածի համար)։ Առաջին փուլը (2016-26) շուտով կավարտվի։
Մեսրոպյանը նաև նշեց, որ դեռևս խորհրդային տարիներից մինչ օրս հայկական էներգետիկան տեղակայված հզորությունների մասով պատմականորեն լավ ժառանգություն ունենք։
«Մենք ունենք ավելի շատ տեղակայված հզորություններ, գեներատորներ, քան մեր սեփական սպառումն է, դրա համար մենք ցանկացած պահի կարող ենք ցանկացած էլեկտրակայանը փոխարինել մեկ այլով, այլ բան է, թե դրա արդյունքում ինչպիսի սակագին կստանանք»,– հայտարարեց Մեսրոպյանը։
Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ–ն ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության մոտ ⅓–ը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը` 1980 թվականի հունվարին: Սպիտակի երկրաշարժից հետո` 1989 թվականի մարտին, կայանի աշխատանքները դադարեցվեցին, իսկ 2–րդ էներգաբլոկը վերագործարկվեց 1995 թվականի նոյեմբերին։ Ի սկզբանե դրա շահագործման առավելագույն ժամկետը սահմանվել էր 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների շնորհիվ այն երկարացվել է մինչև 2026 թվականը։
2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ–ն կնքեցին շրջանակային պայմանագիր՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը կրկնակի երկարաձգելու համալիր միջոցառումներ իրականացնելու համար։