ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik․ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, և Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։ Այդ մասին այսօր ՔՊ–ում քվեարկությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը 500 հազար դոլար է ստանալու։
«Գումարը դեռ չի փոխանցվել, սակայն վստահ ենք, որ կփոխանցվի։ Ես մտածում եմ` այդ գումարը հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել։ Երբ կլինի կոնկրետ որոշում, կհայտնենք»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։ Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը միասին մասնակցեցին մրցանակաբաշխությանը։