ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ կառուցելու ծրագրերը, հայտարարել է, որ ամերիկացիները միշտ շատ գեղեցիկ բիզնես առաջարկներ ունեն, սակայն ԱՄՆ-ն որևէ փոքր մոդուլային ռեակտոր դեռ նույնիսկ չի կառուցել։
Փետրվարի 9-ին Հայաստան կատարած այցից հետո ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին փոքր մոդուլային ռեակտորներ կմատակարարի միջուկային էներգետիկայի վերաբերյալ հուշագրի շրջանակներում։ Վենսը նաև նշել է նախագծի արժեքը՝ 9 մլրդ դոլար, որից 5 մլրդ դոլարը կհատկացվի փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) կառուցմանը, իսկ 4 մլրդ դոլարը կգնա վառելիքի մատակարարման և ռեակտորի սպասարկման վրա (երկարաժամկետ հեռանկարում):
«Այցի ընթացքում հայտարարվեց Հայաստանում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր մոդուլային ռեակտորների կառուցման մասին։ Այո, ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ կան, որոնք զբաղվում են դրանով։ Այո, նրանք բոլորն էլ շատ գեղեցիկ բիզնես առաջարկներ ունեն։ Բայց, ինչպես ասում են, նրբություններ կան... Ամերիկացիները դեռ ոչ մի մոդուլային ռեակտոր նույնիսկ չեն կառուցել, էլ չենք խոսում գործարկման կամ, առավել ևս, դրա արդյունաբերական շահագործման փորձի մասին։ Ընդգծեմ՝ ոչ մի», – ասել է Շոյգուն։
Միևնույն ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ արտադրված էներգիայի մեկ մեգավատտ-ժամի մոտավոր արժեքը նույնիսկ որևէ տեղ չի նշվել։ Մինչդեռ դրան հատուկ ուշադրություն է պետք դարձնել։
«Եթե խոսքը NuScale Power ընկերության 77 մեգավատտ հզորությամբ մոդուլների մասին է, ապա հենց էներգիայի բարձր գինն էր պատճառը, որ Յուտա նահանգում հանգեցրեց այդ նախագծի ձախողմանը։ Դեռ նախապատրաստման փուլում արժեքը 1.5 անգամ աճեց, իսկ նախատեսված էներգիայի արտադրության գինը մեգավատտ-ժամի դիմաց 58 դոլարից բարձրացավ մինչև 89 դոլար, ինչը հանգեցրեց դրա փակմանը 2023 թվականին», – պարզաբանել է նա։
Եվս մեկ պահ` ԱՄՆ–ն սպառված միջուկային վառելիքը վերամշակելու տեխնոլոգիա չունի։ Եթե Հայաստանում ատոմակայանի համար փոքր ռեակտորներ կառուցվեն, աշխատած վառելիքը միանշանակ Հայաստանում է պահվելու։
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը տեղյակ է ատոմային էներգետիկայի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների մասին։ Նա ընդգծել է, որ «Ռոսատոմը» արտասահմանում ատոմակայանների կառուցման նախագծերի թվով առաջին տեղում է՝ համաշխարհային շուկայի 90%-ը, և փոքր մոդուլային ռեակտորների նախագծման, կառուցման և շահագործման բացառիկ փորձ ունի։
«Մանրամասներ չբացահայտելով՝ ասեմ, որ այնտեղ պայմանները բավականին շահավետ են, տեխնոլոգիաներն էլ ամենաառաջադեմը, միևնույն ժամանակ դրանց հուսալիությունը ապացուցված է երկար տարիների շահագործմամբ։ Կցանկանայի հուսալ, որ մեր գործընկերների կողմից համապատասխան որոշումներ կայացնելու ժամանակ կգերակշռեն սթափ հաշվարկը և ժողովրդի շահերը, այլ ոչ թե «մայրիկին հակառակ կսաեռցնեմ ականջներս» ասացվածքի ոգով մտածելակերպը», – ասել է Շոյգուն։
Եթե Հայաստանում ՓՄՌ-ի կառուցումը գործնական փուլ անցնի, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները, ըստ Շոյգուի, ստիպված կլինեն հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այդ նոր ռիսկերը։
«Ըստ էության ելնել նրանից, որ կողքին, սեյսմիկ ակտիվության գոտում, ատոմային տեխնոլոգիաների ոլորտում ամերիկյան փորձարկումներ են իրականացվելու։ Հետևաբար, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Զուգահեռներ անցկացնել չէի ցանկանա, բայց հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետևանքով հենց ամերիկյան ռեակտորներն ավերվեցին, ինչը հանգեցրեց շրջակա միջավայրի լայնածավալ ռադիոակտիվ աղտոտման», – հավելել է նա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Հայաստանը, անշուշտ, ազատ է համագործակցել այն գործընկերների հետ, որոնք անհրաժեշտ կհամարի, սակայն ընտրությունը հօգուտ ամերիկյան տեխնոլոգիաների իսկապես հարցեր է առաջացնում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ–ներ չկան ոչ միայն ԱՄՆ տարածքում, այլ դրանք ընդհանրապես սկզբունքորեն գոյություն չունեն, դրանք գոյություն ունեն միայն թղթի վրա։
Այն մասին, որ ամերիկյան մոդուլային ռեակտորները դեռևս լայն տարածում չունեն աշխարհում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը։ Մեծ հաշվով ատոմային էներգետիկայի այդ հատվածը դեռ փորձարկման փուլում է, և մեր զրուցակիցը անընդունելի էր համարել Հայաստանի էներգետիկ համակարգը փորձարարական դաշտի վերածելը։
Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը ընդունելի է միայն այն դեպքում, եթե տեղի ունենա նոր միջին կամ մեծ հզորության ատոմակայանի կառուցմանը զուգահեռ։ Ատոմակայանների երկու տեսակների նման համադրությունը իրատեսական է միայն ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ համագործակցությամբ, նման օրինակ կա Ուզբեկստանում։