Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի գնման վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Գլխավոր դատախազությունը մանրամասներ չի հաղորդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծի պատվիրման և ձեռքբերման ընթացքում հնարավոր հանցագործության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին գրում է «Հետքը»՝ նշելով, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել պաշտոնեական անփութության հատկանիշներով (ՔՕ 446-րդ հոդված, 1-ին մաս)։
Կայքի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունից լրացուցիչ մանրամասներ չեն հաղորդվել։
Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար 2026 թ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ. նախարար
Ավելի վաղ կայքը գրել է` Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի և մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել էր իրավապահներին, որից հետո դատախազության հանձնարարությամբ քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ էր սկսել քաղաքապետարանի ԾԻԳ-ում։
«Հետքը» գրում է, որ դեռևս 2025 թ․-ի նոյեմբերին քաղաքապետարանից գրավոր հարցմամբ փորձել են տեղեկություններ ստանալ «Աջափնյակ» կայարանի նախագծի գնման ընթացակարգի վերաբերյալ, սակայն գրավոր հարցման պատասխանն այդպես էլ չեն ստացել։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը դեռ 2025 թվականի ամռանը հայտարարել էր, որ մետրոյի «Աջափնյակի» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, շինարարությունը կսկսվի 2025 թվականի վերջին–2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը սկսել է մշակվել 2022 թվականին ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 250 մլն դոլար, շինարարության ակնկալվող ժամկետը՝ մինչև 5 տարի։