ԱԺ-ն հետաձգեց էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի պարտադիր կիրառումը

Արսեն Թորոսյանի խոսքով՝ պատասխանատվության միջոց չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք թղթային պայմանագիր են ստորագրել 2026 թվականի հունվարից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի–Sputnik. Ազգային ժողովը 59 կողմ ձայնով փոփոխություն կատարեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքում: Խորհրդարանը նախագիծը քննարկեց ԱԺ արտահերթ նիստով և հատուկ ռեժիմով. երկրորդ ընթերցումը կազմակերպվեց հենց նույն օրը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով նախագիծը, նշեց, որ էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել, որոնք լուծելու համար կառավարությունը երկարաձգում է ժամկետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ համաձայն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» կատարված փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել այս տարվա սկզբից, 2026 թ. հունվարի 1–ից աշխատանքային պայմանագրերը պետք է բացառապես կնքվեին էլեկտրոնային տարբերակով։ Այդ նպատակով ՀՀ քաղաքացիները պարտադիր պետք է ունենային նույնականացման քարտ և էլեկտրոնային ստորագրություն, այլապես չէին կարողանա աշխատել։
«Շուտով ID քարտերի նոր համակարգ է ներդրվելու, և որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն երկու անգամ ID քարտ ստանալ՝ այսօրվա հին տարբերակը և հետո առաջարկվող նոր տարբերակը, նախարարությունը քարտերի հարցն այս պահին կառավարությունում օպերատիվ քննարկում է»,– ասաց Արսեն Թորոսյանը:
Նախարարն ավելացրեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կարգավորել են նաև հետադարձ ուժի հարցը. պատասխանատվության միջոց չի կիրառվի այն անձանց նկատմամբ, որոնք թղթային պայմանագիր են ստորագրել 2026 թվականի հունվարից:
Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքումը կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։