ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի տեղափոխումը կանոնավոր է դարձել. Սերգեյ Պավլով

2025 թվականի նոյեմբերին Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Ռուսաստանը իրականացրեց հացահատիկի առաջին մատակարարումը Հայաստան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի - Sputnik. Ռուսաստանից Հայաստան հացահատիկի երկաթուղային փոխադրումները Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով կանոնավոր են դարձել, հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը 2025 թվականի արդյունքներն ամփոփող նիստում:
«Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման կապակցությամբ երկար տարիների ընթացքում 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան է անցել հացահատիկով բեռնված առաջին գնացքը։ Այժմ մատակարարումները դարձել են կանոնավոր։ Նախատեսում ենք այդ երթուղով հետագայում ևս զարգացնել փոխադրումները», - ասված է Պավլովի ելույթում, որը մեջբերել է ընկերության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2025 թվականի նոյեմբերին՝ 35 տարվա ընթացքում առաջին անգամ, Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 1050 տոննա ռուսական ցորեն։ «Ռուսական երկաթուղիները» հայտնել է, որ կմշակվեն նաև այլ ապրանքների բեռնափոխադրումներ: Ընդ որում, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընթացիկ տարվա հունվարի վերջին գրել էր, որ Երևանը Բաքվի հետ պայմանավորվել է Ադրբեջանի տարածքով երկաթուղային ճանապարհով Ռուսաստանից հեղուկ գազ և բիտում մատակարարելու մասին:
Հիշեցնենք նաև, որ ռուսական ցորենի խմբաքանակը հասավ«Այրում» սահմանային երկաթուղային կայարան նոյեմբերի 5-ի երեկոյան, իսկ ղազախական ցորենինը` նոյեմբերի 8-ին։ Սրանք 35 տարվա ընթացքում առաջին ուղիղ երկաթուղային փոխադրումներն էին Ռուսաստանից Ադրբեջան, ապա Վրաստանով Հայաստան։