Վթար Արագածոտնի մարզում. 1 մարդ մահացել է, 2–ը` վնասվածքներ ստացել

«VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից մեկը տեղում մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Արագածոտնի մարզում` Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին, մեքենաներ են բախվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, 2-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 11։45-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Ford» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները, «VAZ»–ի ուղևորներից մեկը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, «VAZ» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին ցուցաբերել առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են։
Shamshyan.com–ի տեղեկություններով` մահացածը վարորդներից մեկի մայրն է։