Օրինակ կա՞, որ եկեղեցին հողն օգտագործել է ոչ նպատակային. փոխնախարարի պատասխանը

Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ ՀՀ վարելահողերի 50 տոկոսն օգտագործվում է ոչ նպատակային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ չտրամադրելու նախագծի նպատակը պետական և համայնքային գույքի արդյունավետ օգտագործումն է։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը` ներկայացնելով ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող են անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն (ՀԱԵ)՝ եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հողերը ՀԱԵ–ին տրամադրել միայն օգտագործման իրավունքով։
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ պետության իրականացրած քաղաքականությունն ուղղված է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի նպատակային և արդյունավետ օգտագործմանը»,- հայտարարեց փոխնախարարը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ինչ օրինակ կա, երբ Հայ առաքելական եկեղեցին իրեն հատկացված հողն օգտագործել է ոչ նպատակային:
«Մենք տեսնում ենք բազմաթիվ հողեր, որոնք նպատակային չեն օգտագործվում: Օրինակ՝ գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք չեն մշակվում. ՀՀ վարելահողերի 50 տոկոսը չի օգտագործվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ փոխնախարարը պետք է հստակեցնի՝ եկեղեցին պարզապես չի՞ օգտագործել հողը, թե՞ այն օգտագործել է ոչ նպատակային:
Փոխնախարարը վստահեցրեց, որ նման դեպք կա Լոռու մարզկենտրոն Վանաձորում, որտեղ հողը պարզապես չի օգտագործվել: