Ուղղափառ բառը նորություն չէ Հայ եկեղեցու համար. կրոնագետը` հակաեկեղեցական արշավի մասին

Վարդան Խաչատրյանը բացատրում է` ուղղափառը ճշմարիտ դավանանքի եկեղեցին է, այսինքն՝ վաղ հիմքեր ունեցող, քրիստոնեության արևածագից սկսած եկող եկեղեցի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է ուղղափառ, և պնդումներն այն մասին, թե այդպիսին է դարձել միայն 2018 թվականին, չեն համապատասխանում իրականությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, կրոնագետ, փիլիսոփա Վարդան Խաչատրյանը` անդրադառնալով վերջին օրերին այդ բառի շուրջ ծավալված քննարկումներին:
Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված եպիսկոպոս Արման (Գևորգ) Սարոյանը հայտարարել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն 2018 թվականի իր հրամանով «փոփոխություն է արել» թեմերից մեկի անվանման մեջ և դարձրել «Հայ առաքելական ուղղափառ եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմ»` իբր կասկածի տակ դնելով Հայոց եկեղեցու դավանաբանական ինքնությունը: ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյբուքյան իր էջում անդրադարձել է այս հայտարարությանը, ինչը բուռն քննարկումների թեմա է դարձել։

«Ուղղափառը ճշմարիտ դավանանքի եկեղեցին է, այսինքն՝ վաղ հիմքեր ունեցող, քրիստոնեության արևածագից սկսած եկող եկեղեցիների մասին է խոսքը: Միաժամանակ պետք է տարբերակել «ուղղափառ» ինքնանվանում ունեցող եկեղեցիների ընտանիքը և «չքաղկեդոնական» կամ «չմիավորված» արևելյան եկեղեցիները։ Հայ առաքելական եկեղեցին «ուղղափառ» ձևակերպումը նոր չի սկսել կիրառել, սա նորություն չէ։ Մաղաքիա Օրմանյանն իր աշխատության վերնագրում օգտագործել է նույն բառապաշարը։ Նա գրել է հայապատում, և հայապատման մեջ ի՞նչ է վերնագրում գրած՝ «Հայոց ուղղափառ եկեղեցի»,- Sputnik Արմենիային ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ ցարական Ռուսաստանի շրջանում Ռուս ուղղափառ եկեղեցու հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացվել՝ գնահատելու Հայ առաքելական եկեղեցու դավանաբանական համապատասխանությունը։
«Բացարձակ ճնշող մեծամասնությամբ եկել են այն եզրահանգման, որ Հայոց առաքելական եկեղեցին չի կարող որևէ կերպ համարվել հերետիկոսական և ուղղափառության վարդապետությանը հակասող»,– ասաց Խաչատրյանը։
Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած կարգալուծություններին ու իշխանության սկսած «բարենորոգմանը»` կրոնագետը նշեց, որ կաթողիկոսի անունը պատարագի ժամանակ չհիշատակելը արդեն իսկ եկեղեցական կարգապահության խնդիր է և կարող է հանգեցնել կարգալուծության։ Բայց նա դա բնութագրում է ոչ միայն որպես կանոնախախտում, այլ որպես անհնազանդության դրսևորում, որը պատմության ընթացքում հաճախ հանգեցրել է պառակտումների։
«Եղել է` պառակտել են նաև եկեղեցին, մեզանում առաջացել են հակաթոռ կաթողիկոսություններ: Բայց եկեղեցին սովորաբար համրաքայլ իր ընթացքով հաղթահարում է նման ճգնաժամերը»,- ընդգծեց Խաչատրյանը։
Նրա համոզմամբ՝ ցանկացած «բարեփոխման» օրակարգ, եթե իսկապես օրակարգ է, պետք է քննարկվի համաշխարհային եկեղեցու տրամաբանությամբ, քանի որ Հայ եկեղեցին միայն Հայաստանի սահմաններում գործող կառույց չէ, պարզապես հիմա հայրենիքը Հայաստանում է։
Կրոնագետի համար անհասկանալի է, որ թեմակալ առաջնորդները կամ քահանաները կաթողիկոսի որոշմամբ կարգալույծ լինելուց հետո որոշում են դատարանով վերականգնել իրենց իրավունքները: Նա շեշտեց՝ աշխարհիկ և հոգևոր իշխանությունները Սահմանադրությամբ զատված են, ուստի իրավական հիմքերը, որոնցով դատարանը փորձում է միջամտել եկեղեցու ներքին հարաբերություններին, խնդրահարույց են։
«Աշխարհիկ և հոգևոր իշխանությունները Սահմանադրությամբ զատված են իրարից… Ինչի՞ հիման վրա է դատարանը որոշում կայացնում, աշխատանքային օրենսդրությա՞ն, որը որևէ կերպ չի կարող լույս սփռել գործի վրա»,– նշեց նա։
Աստվածաբանի դիտարկմամբ՝ պետությունը կարող է ունենալ հարաբերություններ եկեղեցու հետ, ինչը, սակայն, «ներս մտնելու» և «ռեֆորմացիա» պարտադրելու իրավասություն չի նշանակում։
Խաչատրյանը հակաթոռական և հակաեկեղեցական օրակարգի հարցում կարևորեց հանրային պահանջվածության գործոնը։ Նրա համոզմամբ` եթե իշխանությունն առաջ է քաշում օրակարգ, պետք է ունենա հասարակության զգալի հատվածի արձագանքը, մինչդեռ տվյալ թեման չի հետաքրքրում ժողովրդի ճնշող մեծամասնությանը, քանի որ եկեղեցին բարձր հեղինակության ունի, և այն կապված է հայկական ինքնության հետ:

«Հայ հասարակության ինքնության «ծանրության կենտրոնը» հենց քրիստոնեական ինքնագիտակցությունն է, նույնիսկ եթե մարդիկ բոլոր ծիսական պարտավորությունները չեն պահպանում։ Դու նրան հարցնում ես՝ դու ո՞վ ես, ինքը ասում է՝ ես հայ քրիստոնյա եմ, և այդպես է ժողովրդի ավելի քան 90 տոկոսի դեպքում»,– վստահեցրեց կրոնագետը:

Խաչատրյանն ընդգծեց՝ եկեղեցական կարգի շրջանակում կա մի հստակ ինստիտուտ, որը կարող է քննարկել կաթողիկոսի հարցը՝ Եպիսկոպոսաց ժողովը, և այդ ժողովի առանցքային օրակարգը ոչ թե վարչական «տնօրինությունների» վիճարկումն է, այլ հավատքի և վարդապետության հանդեպ հավատարիմ մնալու հարցը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։