«Մեր բողոքի ձայնը հասնելու է Վենսին». ակցիա Երևանի Բաղրամյան պողոտայում

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Ադրբեջանում պահվող հայ գերիների լուսանկարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցին ընդառաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման մասնակիցները բողոքի ակցիա են անում Բաղրամյան պողոտայում` ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիներին։
Շարժման անդամ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այսօր հայ գերիներին վերադարձնելու ամենալուրջ խոչընդոտը ՀՀ իշխանություններն են։

«Ես միշտ կրկնում եմ, որ այն, ինչ չի անում ՀՀ իշխանությունը, պետք է անի հասարակությունը։ Մեր բողոքի ձայնը միանշանակ հասնելու է Վենսին։ Մեր հույսերը սին չեն։ Պարտավոր ենք ԱՄՆ ներկայացուցչից պահանջել, որ տեր կանգնեն իրենց խոսքերին»,– ասաց Ալավերդյանը։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Ադրբեջանում պահվող հայ գերիների լուսանկարները։
Ադրբեջանում պահվող հայ գերիները դարձել են գեոպոլիտիկ թրաֆիքինգի զոհ. Աշոտյան
Երբ ամերիկյան պատվիրակության մեքենաները սկսեցին մոտենալ նախագահական շենքին, ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարկել. «Ազատություն հայ պատանդներին»։
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ակցիայի ընթացքում դիմեց ԱՄՆ փոխնախագահին` հորդորելով Բաքու կատարելիք առաջիկա այցի ժամանակ բարձրացնել 19 հայ պատանդներին անհապաղ ազատ արձակելու, անհետ կորածների ճակատագրերը պարզաբանելու և Արցախի ժողովրդի վերադարձի համար անհրաժեշտ գործնական մեխանիզմներ ներդնելու հարցերը։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման մասնակիցները ակցիայի ավարտին իրենց պահանջները թղթին հանձնեցին, որ հնարավորության դեպքում կարողանան փոխանցել ԱՄՆ փոխնախագահին։
Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի և 3 երեխաների հետ արդեն Երևանում է։ Նա Հայաստան է ժամանել պաշտոնական այցով։ Երեկոյան տեղի կունենա Վենսի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով: