Դատարանը կարգալույծ արված եպիսկոպոսի մասին որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին

Արա Զոհրայանի խոսքով՝ եպիսկոպոսն իր իրավունքները պաշտպանության համար կարող է դիմել միայն եկեղեցական մարմիններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) գործով որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին՝ այն տեղադրելով դատական իշխանության պաշտոնական կայքում:
Նշենք, որ այսօր դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ ընթանում էր Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական նիստը: Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։
Դատարանն ավելի վաղ որոշել էր, որ Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը (որպես հայցի ապահովման միջոց):
Հայ առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը միջնորդեց վերացնել հայցի ապահովման միջոցը՝ շեշտելով, որ եկեղեցու հոգևոր ծառայողների հարցը պետության իրավական կարգավորման տիրույթում չէ: Զոհրաբյանի խոսքով՝ դատարանն անհարկի միջամտել է եկեղեցու ներքին կյանքին, ինչի իրավունքը չունի՝ համաձայն թե՛ ներպետական և թե՛ միջազգային իրավունքի:
«Նախ՝ նա չի կարող վերականգնվել, քանի որ արդեն կարգալույծ է արված, իսկ թեմի առաջնորդ կարող են նշանակվել միայն հոգևորականները: Թեմակալ առաջնորդն իր հարցերը կարող է բարձրաձայնել՝ դիմելով ներեկեղեցական ատյաններին՝ Ազգային-եկեղեցական ժողովին կամ Եպիսկոպոսաց ժողովին, որը բարձրագույն մարմին է»,– ասաց Զոհրաբյանը:
Փաստաբանը հիշեցրեց, որ եկեղեցին ինքնակառավարվող մարմին է, և այնտեղ գոյություն ունի «հնազանդության ուխտ» հասկացությունը:
«Դատարանը չի կարող որոշել` այս կամ այն հարցում կաթողիկոսը ճիշտ է, թե սխալ: Ամենայն հայոց հայրապետը Երևանի կենտրոնում ծառայող եպիսկոպոսին կարող է նույնիսկ ասել, որ պետք է գնա ու Սիսիանի սարի գլխին ծառայի. պատկերացնո՞ւմ եք, եթե այս հարցով դիմեին դատարան: Հնազանդության ուխտը հենց սրա համար է»,– նշեց Զոհրաբյանը:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ 2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։