ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի - Sputnik. ՌԴ ԱԴԾ-ն և ՆԳՆ-ն բացահայտել են գեներալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի հանցակիցներին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԴԾ-ին:
ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեևի դեմ մահափորձին մասնակցել են Ռուսաստանի քաղաքացիներ՝ 1959 թվականին ծնված Վիկտոր Վասինը և 1971 թվականին ծնված Զինաիդա Սերեբրիցկայան:
Նշվում է, որ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձ կատարողին ձերբակալել են Դուբայում և հանձնել Ռուսաստանի Դաշնությանը:
Գերատեսչությունում նաև նշել են, որ մահափորձ կատարողի հանցակցին՝ Վիկտոր Վասինին, ձերբակալել են Մոսկվայում:
«Նաև Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների աջակցությամբ Դուբայ քաղաքում ձերբակալվել և ռուսական կողմին է հանձնվել Ռուսաստանի քաղաքացի, 1960 թվականին ծնված Լյուբոմիր Կորբան, որը հանցագործության անմիջական կատարողն է եղել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ Քննչական կոմիտեն, փետրվարի 6-ին անհայտ անձը Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում մի քանի անգամ կրակել է գեներալի թիկունքին և հանցանքի վայրից փախուստի է դիմել: Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով: Ալեքսեևին տեղափոխել են հիվանդանոց, ավելի ուշ նա գիտակցության է եկել:
Վլադիմիր Ալեքսեևը 2011 թվականից զբաղեցնում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: