ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտման փաստերով: Այս մասին նշված է Միքայել սրբազանի պաշտպանների թիմի տարածած հաղորդագրության մեջ։
«Գանգատում նշվել է Միքայել սրբազանի անօրինական կալանավորման (հոդված 5), արտահայտվելու ազատության խախտման (հոդված 10), ինչպես նաև ազատությունից զրկելու և քրեական հետապնդումը քաղաքական նպատակներով իրականացնելու (հոդված 18) վերաբերյալ փաստեր և փաստարկներ»,- հայտնում են պաշտպանները։
Նշենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Էդգար Մանասյան, Նարինե Հովակիմյան և Վաչե Մարգարյան) հրապարակելու է Միքայել սրբազանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության վերաբերյալ որոշումը։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը պետք է քննարկվեր 2026–ի հունվարի 13–ին, սակայն առողջական վիճակի պատճառով Միքայել սրբազանը չէր ներկայացել դատարան, և նիստը կրկին հետաձգվեց։