ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Բիթքոինը տարեսկզբից կորցրել է արժեքի մեկ քառորդը` 26.7%-ը։ Այս մասին են վկայում աճուրդների տվյալները: Կրիպտոարժույթների առևտրի ծավալով ամենամեծ բորսայում` «Binance»–ում, Մոսկվայի ժամանակով 7:22-ի դրությամբ բիթքոինը 24 ժամվա ընթացքում նվազել է 9.04%-ով՝ հասնելով 64,806.56 դոլարի:
Ավելի վաղ գնանշումները հասել էին 60,000–ի։ 2024 թվականի հոկտեմբերի 10-ից ի վեր ցուցանիշն առաջին անգամ էր իջնել այս մակարդակին։ Այս շաբաթվա ընթացքում գինը իջել է 16.2%-ով։
Շուկայի մասնակիցներն այս կրիպտոարժույթի փլուզման մի քանի պատճառ են տեսնում։ Այն, որ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը որոշել է տոկոսադրույքը թողնել նախկին մակարդակին, և որ Դոնալդ Թրամփը Դաշնային պահուստային համակարգի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածու Քևին Ուորշին։ «Ուորշը համարվում է դրամային խիստ քաղաքականության կողմնակից, ուստի ներդրողները վախենում են լարվածությունից»,– գրում է «Ъ-Инвестиций»–ը։ Բացասական տրամադրություններ է ավելացրել նաև «Microsoft»-ի զեկույցը, որը սրել է մտահոգությունները ֆոնդային շուկայում արհեստական բանականության «փուչիկի» ձևավորման վերաբերյալ և խթանել տեխնոլոգիական ոլորտի վաճառքները։ ՏՏ բաժնետոմսերի գների անկումը ազդել է ֆոնդային ինդեքսների դինամիկայի վրա։
«Ուորշին ընկալում են որպես բարձր իրական տոկոսադրույքների և հաշվեկշռի արագացված կրճատման կողմնակից, ինչը նշանակում է ավելի թանկ փող և ավելի ցածր ավելորդ լիկվիդայնություն ռիսկային ակտիվների համար։ Այս ֆոնին դոլարի ինդեքսը ամրապնդվեց, իսկ ռիսկի նկատմամբ պահանջարկը նվազեց», – պարզաբանել է «Cryptorg» ավտոմատացված առևտրային ծառայության վերլուծաբան Դմիտրի Սավինցևը։
«Tehnobit» ընկերության (ծրագրային ապահովում է մշակում մայներների համար) ղեկավար Ալեքսանդր Պերեսիչանի խոսքով` բիթքոինի արժեքի վրա ազդել է հունվարի 31-ին ԱՄՆ կառավարության մասնակի փակումը։ Նրա խոսքով` շաթդաունի պատճառով մասնակիցները զրկվում են օպերատիվ տեղեկատվության հասանելիությունից, այդ պատճառով շատերը փորձում են պատրաստվել անորոշության աճին։
«Ներդրողները տնտեսական տվյալներ չեն ստանա գնաճի և գործազրկության վերաբերյալ, իսկ առանց դրանց դժվար է հասկանալ` ինչ է կատարվում տնտեսությունում», – նշում է փորձագետը:
Բացի այդ, ռիսկային ակտիվների պահանջարկը նվազել է Իրանի և ԱՄՆ-ի միջև սրվող հակամարտության ֆոնին: Պերեսիչանի խոսքով` ռազմական գործողությունների սպառնալիքը մեծացնում է անորոշությունը. ներդրողները վախենում են նավթի գների բարձրացումից ու հաջորդիվ գնաճի արագացումից, ինչը կարող է դրամավարկային քաղաքականության խստացում պահանջել։