ԱԺ ընտրությունների օր է նշանակվել. ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը տեղի կունենա հունիսի 7–ին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը` Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին»,– ասված է հրամանագրում:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հիշեցնենք` 2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։