Հայտնի են դարձել Բաքվի «Իդրակ» ուսումնական հաստատությունում տեղի ունեցած զինված միջադեպի մանրամասները։
Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ 10-րդ դասարանի աշակերտը հրացանով կրակել է ուսուցչի վրա։
Ադրբեջանի ՆԳՆ–ն հայտնում է, որ փետրվարի 6-ին` ժամը 9:00-ին, 10-րդ դասարանի աշակերտ Ա.Շ.-ն Բինագադիի շրջանում գտնվող վարժարան է եկել հորը պատկանող որսորդական հրացանով։ Դասամիջոցին նա կրակել է մաթեմատիկայի ուսուցչուհի Շ.Կ.-ի (ծնված 1997թ.) վրա՝ գնդակը դիպել է նրա պարանոցին։
Ուսուցչուհին հիվանդանոց է տեղափոխվել։ Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության։
Դեռահասը ձերբակալվել է, զենքը առգրավվել է։ Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում։
Վարժարանի ադմինիստրացիան հայտարարել է, որ հրացանը ուսապարկի մեջ է դպրոց մտցվել, իսկ բուն միջադեպը, նրանց վարկածով, «տեղի է ունեցել անզգուշության հետևանքով», փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Ենթադրվում է, որ դպրոցականը պարբերաբար համակարգչային խաղեր է խաղացել և, հնարավոր է, արարքը կատարել է դրանց ազդեցության տակ։
Նշվում է նաև, որ աշակերտի հայրը նախկինում աշխատել է որպես Սումգայիթի գործադիր իշխանության բնակարանային և կոմունալ ծառայությունների միության ղեկավարի տեղակալ։ Այժմ նա գործազուրկ է։