ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ «Տոսպան» բողոքարկել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը և հաղթել առաջին ատյանի դատարանում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Ինչպես հայտնի է, ՀՌՀ–ն 2023թ–ի դեկտեմբերի 20–ին որոշեց 1 ամսով կասեցնել «Տոսպա» ռադիոկայանի եթերը (Sputnik ռադիոկայանը հեռարձակվում է այդ հաճախականությամբ)։ Պատճառն այն էր, որ «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի` 2022–ի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը իբրև թե ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներ էր արել Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, տվել գնահատականներ, որոնց բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի:
Տիգրան Հակոբյանը «Տոսպայի» հաղթանակը վերագրեց օրենսդրության անկատարությանը` հավելելով. «Դա չի նշանակում, որ հանձնաժողովը սխալ որոշում է ընդունել»։
ՀՌՀ նախագահն անդրադարձավ նաև Տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագծին, մասնավորապես` տեսակետին, թե նոր օրենքը կարող է վերածվել մահակի լրատվամիջոցների գլխին։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագիրը ևս տող ունի, որ հեռարձակողները չպիտի միջամտեն կողմ երկրների ներքին գործերին, դա արդեն իսկ արգելված է, և հիմա Հայաստանը որոշել է այդ նորմը ներառել իր օրենսդրության մեջ։
Նա նշեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև ստորագրված Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագիրը ևս տող ունի, որ հեռարձակողները չպիտի միջամտեն կողմ երկրների ներքին գործերին, դա արդեն իսկ արգելված է, և հիմա Հայաստանը որոշել է այդ նորմը ներառել իր օրենսդրության մեջ։
ՀՌՀ նախագահը միաժամանակ չբացառեց, որ խորհրդարանական քննարկումների ժամանակ` առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, խնդրահարույց այդ նորմը հանվի նախագծից։
«Մտավախություն կա, որ դրսից ցանկացած քննադատություն մենք կարող ենք ընդունել որպես միջամտություն։ Մենք դա ընդունում ենք, բայց վտանգներն ամեն տեղ են, վտանգները միշտ կան`մեր համերաշխության, մեր ընդհանուր տեսլականի, մեր ազնվության, հազար ու մի բանի։ Բարոյախոսություն չանեմ. դա է գրավականը, ոչ թե օրենքում սահմանված նորմը, որտեղ ցանկացած նորմ կարելի է մեկնաբանել այնպես, ինչպես որ մենք ենք ուզում»,– ասաց Հակոբյանը։
Օրենքի մեկ այլ խնդրահարույց հոդված էլ վերաբերում է սահմանադրական կարգը տապալելու կոչ հեռարձակելու արգելքին։ Ուստի լրագրողները ՀՌՀ նախագահին հիշեցրեցին, որ այդ արարքն արդեն իսկ քրեականացված է ՀՀ օրենսդրությամբ։
Տիգրան Հակոբյանն ի պատասխան հիշեցրեց, որ դատական գործերը կարող են շատ երկար ձգվել, իսկ լրատվական դաշտը արագ արձագանքման ու կարգավորման կարիք ունի։
«Դատական ատյաններում գործը մինչև վերջնական որոշում ընդունելը ինչքա՞ն է տևում։ Լավագույն դեպքում՝ տարի։ Այսինքն՝ մենք մի տարի թույլ ենք տալիս, որ պայմանական ասած` ինչ–որ «չգիտեմ ինչ նյուս», «կորեանյուս» հեռուստածրագիր մեր ցանցային օպերատորների մեջ ինչ ուզի Հայաստանի մասին ասի՞։ Քրեական պատիժը, ի վերջո, հեռուստաընկերությանը չի, այլ այն մարդունը, ով այդ կոչը արել է։ Մենք արգելում ենք հեռուստաընկերություններին այդ կոչերը տրանսլյացիա անել»,– պարզաբանեց բանախոսը։
Հակոբյանը վստահեցրեց, որ օենքի նախագծի մշակման համար մանրամասն ուսումնասիրել են արտասահմանյան փորձը, այդ թվում` իր բնորոշմամբ, «դեմոկրատիայի բնօրրան Բրիտանիայինը»։
«Իրենց կարգավորող մարմինը ի՞նչ է անում։ Թուրը բռնած մի օրվա մեջ կարող է 200 հատ արտերկրի հաղորդում փակել միայն նրա համար, որ նրանք քարոզչական նպատակներով են հեռարձակվում։ Մենք այն լիազոր մարմիններից ենք, որոնք լիազորված են շատ արագ որոշում ընդունել։ Շատ արագ որոշումը չի նշանակում միշտ ճիշտ որոշում, բայց եթե մենք վերցնենք մեր նախադեպը, 2019 թ–ի հունվարից սկսած, երբ ես հանձնաժողովի նախագահ եմ, մենք ոնց որ թե այդպիսի դեպք չենք ունեցել, որ քաղաքական նպատակներով ինչ-որ լրատվամիջոց փակենք, որը մեզ դուր չի գալիս»,– վստահեցրեց Տիգրան Հակոբյանը։
Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ 2025թ–ին ՀՌՀ–ն հարուցել է 84 վարչական վարույթ այն դեպքում, երբ 2011-18 թթ–ին հարուցվել է ընդամենը 15 վարույթ, իսկ 2019- 2025 թվականներին՝ շուրջ 400։
Հակոբյանը հերքեց մեկնաբանությունները, թե վիճակագրության աճը վկայում է լրատվամիջոցների նկատմամբ պետության անբարեհաճ վերաբերմունքի մասին։
Նրա խոսքով` վարչական վարույթների մեծ մասը կրել է բովանդակային բնույթ` հեղինակային իրավունքների կամ գովազդի մասին օրենքի խախտում, օրինակ` ծխախոտային արտադրանքի, ալկոհոլի, լիցենզիա չունեցող դեղամիջոցների գովազդ, բռնության տեսարաններ և այլն։
«Ոչ մի պատիժ ուղղված չի եղել խոսքի ազատության դեմ»,- շեշտեց Հակոբյանը։
ՀՌՀ նախագահն ասաց, որ վարույթներին զուգահեռ ավելացել են նաև հանձնաժողովի որոշումների դեմ դատական հայցերը։ 2025 թ–ին եղել է 14 դատական գործընթաց այն դեպքում, երբ 2011-18 թթ–ին ընդամենը 3 հայց է եղել։