«Այս երկիրը հիմա խառնաշփոթի մեջ է մեր պատճառով». Թրամփը՝ Իրանի իրավիճակի մասին

Ամերիկացի առաջնորդը կրկին սպառնացել է Իրանի իշխանություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանում ստեղծված իրավիճակը ԱՄՆ գործողությունների հետևանքն է։

«Մենք աջակցեցինք նրանց [ցուցարարներին]: Եվ տեսեք`այս երկիրը հիմա քաոսի մեջ է մեր պատճառով: Մենք մտանք, ոչնչացրինք նրանց միջուկային զենքը: Ահա հարցը։ Մենք խաղաղություն ենք ուզում Մերձավոր Արևելքում: Եթե ես չոչնչացնեի նրանց միջուկային զենքը, մտածեք` ինչ կլիներ: Եթե մենք չոչնչացնեինք այդ միջուկային զենքը, մենք խաղաղություն չէինք ունենա Մերձավոր Արևելքում, քանի որ արաբական երկրները երբեք չէին կարողանա դա անել: Նրանք շատ, շատ էին վախենում Իրանից», - ասել է Թրամփը՝ պատասխանելով NBC News-ի լրագրողի հարցին:

Նա կրկին սպառնաել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ ասելով, որ նա պետք է անհանգստանա «հենց հիմա»։ Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը հաստատել է, որ Իրանի հետ բանակցությունները ներկայումս ընթանում են։
Իրանը և ԱՄՆ-ն միջուկային թեմայով բանակցություններ կանցկացնեն Օմանում փետրվարի 6-ին: Հանդիպումը կանցկացվի նախորդ հանդիպումների ձևաչափով՝ Օմանի միջնորդությամբ: Իրանական կողմը կգլխավորի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ն կներկայացնի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը: Քննարկվում է նաև ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հնարավոր մասնակցությունը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» է շարժվում դեպի Իրան՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կհամաձայնի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կնքել, իր խոսքով, «արդար և իրավահավասար» գործարք, որը ենթադրում է միջուկային զենքից լիակատար հրաժարում:
ԱՄՆ առաջնորդը նաև հիշեցրել էր 2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին «Կեսգիշերային մուրճ» (Midnight Hammer) գործողության շրջանակում իրականացրած հարվածների մասին՝ հայտարարելով, որ «հաջորդ հարձակումը կլինի ավելի կոշտ» և կոչ արել «չհասցնել դրան»: