Ե՞րբ պատրաստ կլինի ՔՊ–ի նախընտրական ցուցակը. Արսեն Թորոսյանի պատասխանը

Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կուսակցությունն արդեն իսկ հաստատել է մոտ 300 հայտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը դեռևս պատրաստ չէ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ վարչության անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կորոշվի համաժողովի ընթացքում։
«Համաժողովը մեկ օր չի տևելու. կանոնադրական փոփոխություն ենք իրականացրել, բավական երկար գործընթաց է լինելու, և ամեն փուլի մասին կտեղեկացնենք։ Նկատած կլինեք, որ արդեն առաջադրված թեկնածուները հրապարակային հայտնում են այդ մասին ու ակնկալում նաև իրենց կուսակից ընկերների քվեն, ինչը շատ առողջ գործընթաց է։ Այդ տրամաբանության շրջանակում շարունակելու ենք մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը»,– ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ ցուցակի վերջնականացման հստակ ժամկետ դեռ չկա։ Նախարարի խոսքով՝ կուսակցությունն արդեն իսկ հաստատել է մոտ 300 հոգու հայտ, սակայն նա չբացառեց, որ թիվը կարող է փոխվել ինքնաբացարկների կամ այլ հիմքերով։
Նշեք, որ ՔՊ ցուցակում հայտնվելու համար թեկնածուները պետք է նաև գումար վճարեն առաջադրման համար՝ կուսակցականները` 500 հազար դրամ, ոչ կուսակցականները` 1.5 մլն դրամ։ Թե ով կլինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում, կորոշվի պատվիրակների քվեարկությամբ (պատվիրակ կարող է լինել բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամը, պատվիրակների անհատական ցանկը հաստատում է ՔՊ–ի վարչությունը. խմբ)։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը` գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։