Եռակողմ պայմանավորվածությունները թույլ կտան լուծել տրանսպորտային խնդիրները. Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի համոզմամբ` 2020–2022 թթ. ընդունված որոշումներից Հայաստանը պետք է էապես շահեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի` 2020–2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունները թույլ են տալիս լուծել տրանսպորտային խնդիրները Հարավային Կովկասում։ Այս մասին Մոսկվայում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Տեսնում ենք, թե որքան բարդ է իրավիճակը Հարավային Կովկասում։ Այն խնդիրները, որոնք համաձայնեցվել են 2020–2022 թթ. ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մակարդակով, մեր համոզմամբ` պահպանում են իրենց արդիականությունը նախևառաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ բոլոր խնդիրները լուծելու համար»,– ասաց նա։
Լավրովի խոսքով` այդ որոշումներից Հայաստանը պետք է էապես շահեր, քանի որ պետք է հանվեին ողջ տարածաշրջանի բոլոր խոչընդոտները:
ՌԴ–ն չի կարող հեռանալ Հարավային Կովկասից. Կոպիրկինը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
Նախարարը հստակեցրեց` Մոսկվան հիմա էլ պատրաստ է դրան։ Նա հիշեցրեց, որ երկու երկրների փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են եղել ու հիմա էլ քննարկումներ անցկացվում են:
«Մեր փոխվարչապետները պարբերաբար կապի մեջ են և քննարկումներ են լինում այն որոշումների շրջանակում, որոնք կայացվել են եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում` երկրների առաջնորդների պայմանավորվածությունների հիման վրա»,– ընդգծեց Լավրովը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։