ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախագծին։ Նախագիծը «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» էր:
«Հայաստանում կան քաղբանտարկյալներ. նրանք համապատասխանում են ԵԽԽՎ–ի 2012 թվականի 1900–րդ բանաձևով նախատեսված չափանիշներին: Սա լուրջ խնդիր է մեր պետության համար»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ Հայաստանում մարդիկ զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի և դիրքորոշման համար։ Նա անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցու սպասավորների, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների կալանավորմանն ու նրանց դեմ հարուցված քրեական գործերին։
Եպիսկոպոսաց ժողովը խոչընդոտելու փորձերի մասին
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։
«Հատուկ ուզում եմ նշել վերջին գործընթացը, որը տեղի է ունենում. 7 հոգևորականի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, ինչպես նաև կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Սա պարզապես իրավունքի և իրավագիտության բոլոր նորմերի խախտում է, ավելին՝ ոչ միայն իրավական, այլև բանական ձևակերպման մեջ չի տեղավորվում։ Այսինքն՝ կաթողիկոսի որոշմամբ կարգալույծ եղած մարդը դիմում է դատարան, և դատարանը նրա նկատմամբ կիրառում է հայցի ապահովման միջոց՝ չխոչընդոտել նրան իրականացնել իր պարտականությունները։ Սա նույնն է, որ վարչապետը SMS-ով նախարարին աշխատանքից հեռացնի, ու դատարանը որոշի կիրառել հայցի ապահովման միջոց՝ չխոչընդոտել նրան իրականացնել իր պարտականությունները»,– ասաց Վարդանյանը։
Նախագծի հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ Հայաստանը ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, և պարբերաբար ԵԽԽՎ-ն Հայաստանի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ հրապարակումներ է անում, որտեղ չի հիշատակվում քաղբանտարկյալների որևէ թեմա:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։